ՆԳՆ-ն՝ քյաբաբ ու իքիբիր գնելու կեղծ մեղադրանքների մասին

ՆԳՆ-ն՝ քյաբաբ ու իքիբիր գնելու կեղծ մեղադրանքների մասին

Լրատվամիջոցներից մեկը «Հերթական աբսուրդ գնումը՝ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից. քյաբաբ ու իքիբիր» վերտառությամբ հրապարակում է արել՝ նշելով, թե առաջին հայացքից ոչ այդքան մեծ գումարի չափով գնումը հետաքրքրաշարժ է այնքանով, որ կառույցը, որը մեծ հաշվով կապ չունի սննդի հետ, ըստ փաստաթղթերի, գնել է քյաբաբ եւ արաբաթուրքական ձեւակերպմամբ՝ իքիբիր։

Ըստ հրապարակման՝ Ներքին գործերի նախարարությունը 554 հազար դրամի սնունդ է գնել:

Հարցի առնչությամբ Freenews-ը դիմել է ՆԳՆ:

Մեզ հետ զրույցում ՆԳՆ-ից հայտնել են, որ լրատվամիջոցի բանավոր հարցմանը պարզաբանվել է, որ սնունդը Տավուշի մարզում՝ անտառածածկ հատվածում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներին ներգրավված ծառայողների համար է նախատեսված։ «Կարծում էինք պատասխանը հասկանալի էր և պետք է կասկածի տեղիք չտար: Սակայն պարզվում է, որ լրատվամիջոցը չի տարբերում ՆԳՆ ենթակայությամբ գործող երկու ծառայությունները՝ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը։

Ավելին՝ նաև մեր հրապարակումներից տեղյակ լինելով, որ փրկարարներն այդ օրերին ստիպված են եղել գործել բնակավայրերից հեռու անտառածածկ տարածքում, երբեմն նաև կյանքն ու առողջությունը վտանգելով՝ կանխել հրդեհի տարածումը, տեղայնացնել ու մարել կրակը, հետո նաև՝ հսկել, որ նոր բռնկում չլինի հոդվածագրի մոտ միայն մեկ հարց է ծագել, թե` «...քանի՞ աշխատակից է եղել այնտեղ՝ հրդեհը մարելու համար, որ նման մեծ քանակի սննդով են ապահովել»։

Հունվարի 5-ից 7-ը Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում՝ անտատառածածկ հատվածում, հրդեհաշիջմանն ու հերթապահությանը մասնակցել է 193 փրկարար։ Հրդեհի տարածումը կանխվել է, ապա` մարվել։ ՆԳ նախարարությունն իր աշխատակիցների համար մշտապես երաշխավորել և երաշխավորելու է անհրաժեշտ աշխատանքային պայմաններ՝ անկախ ծառայության բնույթից։ Կոչ ենք անում հրապարակել ճշգրիտ տեղեկություն, անհիմն չվարկաբեկել փրկարարների մարդասիրական ծառայությունը»,- հայտնեցին կառույցից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում