Եթե Ղարաբաղի հարցը ռեալ լուծվել էր, բանակցություններն ինչո՞ւ էր պետք շարունակել. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
«Այս նախադասության մեջ ամփոփված է ձեր իշխանության տասնամյակների ամբողջ աֆյորան: Եթե Ղարաբաղի հարցը ռեալ լուծվել էր, բանակցություններն ինչո՞ւ էր պետք շարունակել»:
Այս մասին Ազգային ժողովի հոկտեմբերի 24-ի նիստի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկմանը, թե Ղարաբաղի հարցը լուծվել էր, բայց բանակցությունները պետք է շարունակվեին: Ըստ Կոնջորյանի՝ Օհանյանի արտահայտած միտքը ֆանտաստիկ է:
«Բանակցությունների մեջ էլ պայմանավորվել էին, որ իրար հետ համատեղ, Ադրբեջանի հետ համաձայնեցնելով՝ կորոշեն ապագա հանրաքվեի հարցը, այսինքն՝ Ադրբեջանը, որ դուք ասում եք՝ կապ չունի Ղարաբաղի հետ, պիտի համաձայներ՝ Ղարաբաղում հանրաքվե անեինք-չանեինք, երբ անենք, երբ չանենք: Բա որ կապ չուներ, ո՞նց էիք իրար հետ համաձայնեցնում: Ձեր ստորագրություններով դե ֆակտո ասել եք՝ Ղարաբաղն Ադրբեջան է: Ախր ժողովրդին տասնամյակներով խաբել եք, խաբել եք ժողովրդին ու գալիս խոսում եք ստից, մանիպուլյացիաներից»,- հայտարարել է Կոնջորյանը:
Անդրադառնալով ընդդիմադիրների մեկ այլ քննադատությանը, թե ընդդիմությունը իշխանության հակապատկերն է, Կոնջորյանը նշել է, որ այդպես էլ կա:
«Այո՛, մենք ձեր հակապատկերն ենք: Դուք մեր հակապատկերն եք, որովհետև մենք ուզում ենք հասնել խաղաղության, դուք ուզում եք հասնել պատերազմի: Մենք խոսում ենք ապագայից, դուք խոսում եք անցյալից: Մենք ասում ենք՝ Հայաստանը պիտի սահման ունենա, դուք ասում եք՝ Հայաստանը պիտի սահման չունենա: Դուք ասում եք՝ մահ կամ ազատություն, հետո ազատությունը պահում եք ձեզ, մահը տալիս եք ժողովրդին, մենք ասում ենք՝ կյանք և ազատություն, և երկուսն էլ ասում ենք՝ ժողովրդի համար է: Այստեղ, այո՛, մենք հակապատկեր ենք»:


Կարծիքներ