Ինչ փոփոխություններ են կատարվում եկամուտների հայտարարագրման համակարգում. ներկայացնում է Թունյանը
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների փաթեթը, որը վերաբերում է եկամուտների հայտարարագրման համակարգի կատարելագործմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թունյանը նշեց, որ նպատակն է պարզեցնել համակարգը, քաղաքացիների համար ապահովել առավել հարմար ու հասկանալի գործընթաց, ինչպես նաև նվազեցնել վարչական բեռը։
Պատգամավորը հիշեցրեց, որ եկամուտների հայտարարագրման համակարգը ներդրվել է փուլային եղանակով․ 2024 թվականին հայտարարագիր լրացրել է շուրջ 200 հազար քաղաքացի, իսկ հաջորդ տարի նախատեսվում է, որ այն կլրացնեն Հայաստանի Հանրապետության բոլոր ռեզիդենտ ֆիզիկական անձինք։
Թունյանը նշեց, որ համակարգի գործարկման ընթացքում ի հայտ են եկել որոշ կազմակերպչական խնդիրներ, որոնք նոր փոփոխությունների միջոցով կլուծվեն․
«Առաջինը՝ քաղաքացիները, որոնք պարտավոր են հայտարարագիր ներկայացնել, բայց մուտք չեն գործել համակարգ, այլևս պատասխանատվության չեն ենթարկվի։ Նրանց հայտարարագրերը կհամարվեն լրացված և հանձնված Պետական եկամուտների կոմիտեի կողմից արդեն իսկ հասանելի տվյալների հիման վրա։ Այսինքն՝ եթե քաղաքացին վստահ է, որ իր եկամուտները ճիշտ են արտացոլված ՊԵԿ-ի տվյալներում, այլևս գործողություն կատարելու անհրաժեշտություն չի ունենա։
Երկրորդը՝ կրթության և առողջապահության ոլորտներում եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալու հնարավորությունը (սոցիալական կրեդիտների համակարգը) հասանելի կլինի միայն այն քաղաքացիներին, որոնք գոնե մուտք կգործեն համակարգ և կհաստատեն իրենց հայտարարագիրը։
Երրորդը՝ Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիների համաձայնությամբ կկարողանա բանկերից ավտոմատ կերպով ստանալ անհրաժեշտ տվյալները, օրինակ, ավանդներից ստացված տոկոսային եկամուտների մասին։ Սա կվերացնի ձեռքով լրացման անհրաժեշտությունը՝ պահպանելով բանկային գաղտնիքը։
Չորրորդը՝ հստակ սահմանվում է, որ ընտանիքի անդամների՝ ծնողների և երեխաների, ամուսինների, եղբայրների և քույրերի միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն։
Հինգերորդը՝ նախատեսվում է, որ ֆիզիկական անձանց կողմից ստացվող վարկերն ու փոխառությունները նույնպես չեն ներառվի հայտարարագրման պարտադիր դաշտերի մեջ․ այդ կարգավորումը կիրականացվի կառավարության որոշմամբ»,- ասաց Թունյանը։
Բաբկեն Թունյանի խոսքով՝ այս փոփոխությունները միտված են քաղաքացիներին մոտիվացնելու՝ հայտարարագրերը լրացնելու կամ հաստատելու գործընթացին մասնակցելու համար։


Կարծիքներ