Մոսկվան գնահատում է ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ կապերը. Լավրով
Երևանը Մոսկվայի բնական ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը, և Ռուսաստանը շահագրգռված է բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ։
Սերգեյ Լավրովի դիտարկմամբ՝ 2024 թվականը հեշտ չի եղել երկկողմ հարաբերությունների համար, և Մոսկվան վճռական է անկեղծորեն քննարկել օրակարգային բոլոր հարցերն այն մթնոլորտում, որին աջակցում են Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդները՝ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Համոզված եմ, որ մենք այժմ կառուցողականորեն կուսումնասիրենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել և շարունակում ենք արժևորել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական ռազմավարական գործընկերոջ և դաշնակցի հետ։ Մենք շահագրգռված ենք, որ բարեկամության և բարիդրացիության դարավոր ավանդույթներն ամրապնդվեն ու զարգանան»,- նշել է նախարարը՝ դրա համար լավ հիմք համարելով ամենաբարձր մակարդակով կանոնավոր հանդիպումներն ու շփումները։
ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ 2024 թվականի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ այցելել է Մոսկվա․ մի դեպքում Անկախ պետությունների համագործակցության նիստի համար, ինչպես նաև եղել է Կազանում՝ ԲՐԻԿՍ+-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։
ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է, որ Արարատ Միրզոյանի հետ առանձին հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկկողմ առևտրաշրջանառության մասին՝ մատնանշելով, որ առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ նախորդ տարի կազմելով գրեթե 12 մլրդ դոլար։
«Մենք հուսով ենք, որ դա կնպաստի սոցիալ-տնտեսական զարգացմանը և այն խնդիրների լուծմանը, որոնք Հայաստանը դրել է իր առաջ»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Լավրովի խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցությունը տպավորիչ արդյունքներ է տալիս Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններում։
Լավրովը նաև նշել է, որ 2025 թվականի մայիսին պատրաստվում են համատեղ տոնել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։
Կարծիքներ