Տավուշի մարզի փորձը կարևոր նշանակություն է ունեցել․ օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են

Տավուշի  մարզի փորձը  կարևոր նշանակություն է ունեցել․ օգոստոսյան խորհրդակցությունները  շարունակվում են

Տավուշի մարզի կրթության ոլորտի պատասխանատուների, դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և նախադպրոցական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է 2023-2024 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը, նախարարության և մարզպետարանի այլ աշխատակիցներ, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզի դպրոցների և նախադպրոցական հաստատությունների տնօրեններ:

Արաքսիա Սվաջյանը խորհրդակցության սկզբում նախ ներկայացրել է միասնական քննությունների և բուհերի ընդունելության Տավուշի մարզի վիճակագրությունը:

Նախարարի տեղակալն ընդգծել է՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումներում Տավուշի մարզն ուղենշային է՝ պայմանավորված մարզի ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկմամբ:

 

«Հանրակրթության չափորոշիչը փորձարկվել է Տավուշի մարզում․ այստեղ ձեռքբերված փորձը կարևոր նշանակություն է ունեցել մյուս մարզերում ևս չափորոշչի ներդրման համար »,-նշել է նախարարի տեղակալը:

 

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նոր դասագրքերի ստեղծման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի վերաբերյալ մի շարք հարցերի։

 

Անդրադառնալով նոր դասագրքերի ստեղծմանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ որոշ դասագրքեր փորձաքննության արդյունքում երաշխավորվել են, սակայն մի քանի դասագրքերի վերաբերյալ կան բողոքարկումներ և դրանք ուղարկվել են լրացուցիչ փորձաքննության։

 

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերից մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների, ինչպես նաև Հայաստանում ԲՏՃՄ (բնագիտություն, ՏՀՏ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների ուսուցիչները կստանան հավելավճար՝ բացառությամբ մաթեմատիկա դասավանդողների։

 

Անդրադարձ է կատարվել նաև դպրոցներում աշակերտների մասին տեղեկատվության ու նրանց իրավունքների պաշտպանությանը:

 

Քննարկվել են նաև պարտադիր և կամավոր ատեստավորմանը, ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր: Ա. Սվաջյանը հավելել է, որ առաջիկա սեպտեմբերից ներդրվող ֆինանսավորման նոր մոդելով բոլոր դպրոցներում պարտադիր է լինելու հոգեբանի հաստիքը։

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ ներկայացուցիչները հանդիպել են նաև նախադպրոցական ուսումնական հասատությունների ղեկավարների հետ՝ նախադպրոցական կրթությանն առնչվող նորամուծությունները ներկայացնելու նպատակով:

Անդրադառնալով ոլորտի բարեփոխումներին` նախարարի տեղակալը պարզաբանումներ է ներկայացրել տնօրենների հավաստագրման գործընթացի, նախադպրոցական համակարգում որակավորման տարակարգի ներդրման, նախադպրոցական կրթության նոր չափորոշչի ներդրման մասին: Նշվել է, որ անցած տարվանից փորձարկվում է նախադպրոցական կրթության չափորոշիչը․ այն փորձարկվել էր 60 հաստատությունում. այս տարի կներդրվի ևս 130 հարստություններում:

Նշենք՝ 2023-2024 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունների շարքը մեկնարկել է օգոստոսի 21-ին Արագածոտնի մարզից և կավարտվի օգոստոսի 29-ին` Երևանում: Նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում` տնօրենների և հանրակրթության մարզային պատասխանատուների հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում