Մեր վարած քաղաքականությունը խոցելի չի դարձնում անվտանգային համակարգը. վարչապետը՝ պաշտպանական ծախսերի մասին

Մեր վարած քաղաքականությունը խոցելի չի դարձնում անվտանգային համակարգը. վարչապետը՝ պաշտպանական ծախսերի մասին

Պետք է արձանագրենք, որ 2025 թվականին 2024 թվականի բյուջեի համեմատությամբ մենք պաշտպանական ծախսերի շատ էական և կտրուկ աճ ենք ունեցել: Ընդ որում՝ այդ էական և կտրուկ աճը պայմանավորված է եղել որոշակի հրատապ կարիքներով:

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավոր Արմեն Խաչատրյանի՝ 2026 թվականին պաշտպանական ծախսերի համար նախատեսված ֆինանսական միջոցների վերաբերյալ հարցին:

«Մենք 2025 թվականին 2024 թվականի համեմատությամբ ունեցել ենք պաշտպանական ծախսերի անհամաչափ մեծ աճ, և մենք իրականացրել ենք էական պաշտպանական ծախսեր և այդ ծախսերի մի մասը ուղղել ենք ապագա պարտքերի, պարտավորությունների մարմանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում, այսինքն՝ այն վարկերը, որոնք ուղղվել են պաշտպանությանը, այն, որ մենք պետք է 2030 կամ 2035 թվականին մարեինք, մենք հարմար ենք գտել, որ հետագա պարտքային բեռը նվազեցնենք, բայց ոչ միայն:

Մենք հիմա կոնսոլիդացրել ենք այդ պարտքը․ հիմա ենք փակել, և եթե այդ պարտքի կտորն այս խոսակցությունից հանենք և վերցնենք թվերը, սրանից դուրս մենք կունենանք պաշտպանական ծախսերի այն բնականոն աճը, որը մենք ի սկզբանե պլանավորել էինք և միգուցե մի փոքր էլ ավելի:

Թույլ տվեք իմ համոզմունքը արտահայտել, որ այն քաղաքականությունը, որը մենք վարում ենք, ոչ միայն որևէ սպառնալիք չի պարունակում կամ խոցելի չի դարձնում մեր անվտանգային համակարգը կամ խնդիր չի առաջացնում, այլև ընդհակառակը՝ մենք բնականոն զարգացման պրոցեսի մեջ ենք, և այդ բնականոն զարգացումը շարունակվում է»,- ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում