Չեմ ուզում այդ գործը պատվիրակել ուրիշի, իմաստը հենց այն է՝ անձամբ քաղաքացիների հետ ուղիղ կապ ունենալ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ ներողություն խնդրելով քաղաքացիներից, որոնց՝ իր անձնական էլփոստին ուղարկված նամակներին ժամանակին պատասխանել ու արձագանքել չի հասցնում:
«Սիրելի քաղաքացիներ, այս ողջ ընթացքում առավելագույնն եմ արել էլ․ փոստով Ձեր գրած նամակները անձամբ կարդալու եւ արձագանքելու համար։
Հիմա վիճակը հետեւյալն է․ արձակուրդից ի վեր շուրջ հազար հատ նամակ է կուտակվել իմ էլ․ փոստին, իսկ ամենօրյա նամակների հոսքն էլ մեծացել է։ Ստիպված եմ խոստովանել, որ պատշաճ ժամանակում չեմ կարող բոլոր նամակները կարդալ եւ ընթացք տալ, եւ այդ գործը չեմ ուզում պատվիրակել ուրիշի, որովհետեւ այս կապուղու հիմնական իմաստը հենց դա է, որ անձամբ քաղաքացիների հետ ուղիղ կապի հնարավորություն ունենամ։
Գրառմանս իմաստն այն է, որ ուզում եմ ներողություն խնդրելով տեղեկացնել, որ նամակների ահռելի ծավալի բերումով դրանք բոլորը ժամանակին կարդալ չեմ կարողանա եւ նամակների ընթերցումն ու ընթացքը սովորականից ավելի երկար կտեւի։ Հայցում եմ Ձեր ներողամտությունը»,- գրել է վարչապետը:
Կարծիքներ