Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Զրույցներ եղեգի հետ» ցուցադրության բացումը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Զրույցներ եղեգի հետ» ցուցադրության բացումը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Զրույցներ եղեգի հետ» ցուցադրության բացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունը հայկական և ֆրանսիական երաժշտարվեստում եղեգի գործածության, մասնավորապես` փողային նվագարանների պատրաստման մասին է։ Ցուցահանդեսում ներկայացվել են պատմական փաստեր եղեգի կիրառման վերաբերյալ՝ վերհանելով մի շարք հիմնախնդիրներ՝ կապված նվագարանագործ վարպետների արհեստի և երաժիշտ-կատարողների գործունեության հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում։

Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյեն և այլք։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի խոսքով՝ այս ցուցահանդեսը ևս մեկ առիթ է անդրադառնալու հայ-ֆրանսիական դարավոր բաերկամությանը, մշակութային երկխոսությանը, երաժշտությանը, վարպետներին, Կոմիտասի կյանքում Ֆրանսիայի դերակատարությանը, նաև այդ ավանդույթի շարունակությանը։

«Այո, մենք ունենք խնդիր այդ ավանդույթները, որոնք վարպետները ստեղծել են, շարունակելու մեր մատաղ սերնդի միջոցով։ Դա ևս մեկ առիթ է սևեռելու բոլորի հայացքը դեպի երաժշտություն, դեպի այն պատրաստման եղանակին, ներկայացնելու, թե ինչպես են երաժշտությունը հավաքագրում, թե որ տեղանքներից են այն հավաքագրում և ինչ եղանակով է պատրաստվում երաժշտական գործիքները և ինչ ձևով են դրանք օգտագործվում մեր կյանքում: Ցուցահանդեսը տևելու է երեք ամիս և մինչև հունիս ամիսը բաց կլինի հանրության առջև»,- ասաց Կոստանդյանը՝ հավելելով, որ ցուցահանդեսի շրջանակներում կունենան դասախոսություններ և կրթական ծրագրեր։

Ցուցադրությունը նախագծել է «ԱՀԱ կոլեկտիվը», համադրողը Նայիրի Խաչատուրեանն է։ Նա պատմեց, թե ինչպես որոշեցին կազմակերպել «Զրույցներ եղեգի հետ» ցուցահանդես։

«Նախ և առաջ ֆրանսիացի երաժշտագետ և հոբոյահար Լոլա Սուլիեն տեղափոխվեց Հայաստան իր ընտանիքով և մոտեցավ «ԱՀԱ կոլեկտիվ»-ին, որպեսզի միասին իրականացնենք հետազոտահեն, արվեստային նախագիծ։

Նա այստեղ սովորեց վարպետների մոտ, մասնավորապես՝ Հովհաննես Խուդավերդյանի մոտ, ով դուդուկների համար ձայնոց պատրաստող վարպետ է։ Այսպիով, ստեղծվեց գեղեցիկ երկխոսություն Ֆրանսիայի և Հայաստանի միջև, դասական ֆրասիական նվագարանի և ժողովրդական հայկական նվագարանի միջև»,- ասաց Խաչատուրեանը։

Ցուցադրությունը երկխոսության մեջ է դնում հայկական ավանդական և ֆրանսիական բարոկկո երաժշտության մեջ կիրառվող փողային գործիքները (դուդուկ, զուռնա և հոբոյ) ու եղեգից պատրաստվող ձայնոցները: Այն ընդգծում է բույսի պատմական և ժամանակակից կիրառումը` լույս սփռելով արդի հիմնախնդիրների վրա` նվագարանագործ վարպետների արհեստից մինչև երաժիշտների գործունեություն։

Ցուցադրությունը նաև հարթակ է, որտեղ հանդիպում են պատմական աղբյուրներն ու ժամանակակից ստեղծագործությունները, արվեստագետներն և արհեստավորները, որոնք հաղորդակցվում են այս բույսի հետ և նոր շունչ հաղորդում «եղեգի հասարակությանը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում