Բժիշկ դառնալը մանկության երազանք էր ֆիլիպինցի ուսանողուհու համար
Բժիշկ դառնալը մանկության երազանք էր ֆիլիպինցի ուսանողուհու համար...
Ֆիլիպիններից բժշկական կրթություն ստանալու նպատակով Երևան ժամանած ուսանողուհի Այվի Սալադագայի համար բժիշկ դառնալը մանկության երազանք էր:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Այվին ապագա անոթային վիրաբույժ է: Ծնվել է Ֆիլիպինների Տակլոբան քաղաքում:
32-ամյա Այվին միշտ պատկերացրել է, թե ինչպես է բուժում մարդկանց և օգնում նրանց ապաքինվել: «Ինձ գոհունակություն է պատճառում այն գիտակցումը, որ ես կարող եմ օգնել և փրկել կյանքեր», - ասում է Այվին, որին կրթություն ստանալու հարցում միշտ աջակցել են ծնողները:
«Երբ ընդունվեցի քոլեջ, որոշեցի սովորել «Բուժքույրական գործ» մասնագիտությունը: Ցավոք, իմ երկրում լիցենզավորված բուժքույր դառնալուց հետո ընտանիքս որոշակի դժվարությունների առաջ կանգնեց, արդյունքում փոխվեցին ապագայի իմ բոլոր ծրագրերը: Տարիներ շարունակ աշխատել եմ հիվանդանոցում, իսկ հետագայում ավելի լավ ապագայի տեսլականով տեղափոխվեցի ԱՄԷ՝ Դուբայ», - պատմում է Այվին:
Ապագա բժշկուհին հավատում է, որ մարդու հետ պատահող ամեն ինչի հիմքում կա պատճառահետևանքային կապ:
«Իմ ընտանիքի բիզնեսը հետագայում վերաճեց զարգացած ձեռնարկության: Այդ ժամանակ մայրս, հիշելով, թե որքան շատ էի ուզում բժիշկ դառնալ, հարցրեց՝ արդյո՞ք դեռ հետաքրքրված եմ իմ երազանքով: Հոգու խորքում դեռ փափագում էի բժիշկ դառնալ, բայց երբեք չէի մտածի, որ հնարավորություն կլինի երազանքս իրագործելու: Ծնողներս խնդրեցին ինձ ընտրել բժշկական համալսարան», - ասում է օտարերկրացի սովորողը:
Վստահելի մարդկանցից մեկի խորհրդով նա որպես կրթական հաստատություն ընտրում է Երևանի պետական բժշկական համալսարանը: Այվին հիշում է՝ երբ առաջին անգամ Հայաստան եկավ, միանգամից սիրահարվեց մայրաքաղաք Երևանին:
«Հիշում եմ, թե ինչքան հիացած էի քաղաքի գեղեցկությամբ՝ մաքուր օդով, հին շենքերով: Մարդիկ այստեղ ջերմ և ընկերասեր են, միշտ պատրաստ են օգնել: Երևանն ինձ համար կտրուկ փոփոխություն էր, քանի որ և՛ Մանիլան, և՛ Դուբայը շատ ակտիվ շնչով լեցուն քաղաքներ են. բոլորը միշտ վազքի մեջ են: Իսկ Հայաստանում իմ կյանքն ավելի հանգիստ է. ես գիտեի, որ ճիշտ որոշում կայացրի», - ընդգծում է ուսանողուհին:
Խոսելով ԵՊԲՀ-ում կրթության մասին՝ Այվին իր գոհունակությունն է հայտնում դասախոսներին, որոնք ոչ միայն գիտելիքներ են փոխանցում, այլև շատ հոգատար են ուսանողների նկատմամբ:
Լավ բժշկի համար, ըստ նրա, ամենակարևորն ամուր հիմքն է. «Բժիշկը պետք է իմանա և հասկանա, թե ինչի հետ գործ ունի, որպեսզի հիվանդների բուժումը և կյանքեր փրկելն առավել հեշտ ստացվի: Երկրորդ, բժիշկը պետք է համառ և հետևողական լինի:
Եվ, վերջապես, լավ բժիշկը պետք է իմանա, թե երբ պետք է օգնություն խնդրի: Սեփական թերություններն ընդունելը և ուրիշների կարիքը զգալը դեռ չի նշանակում, որ դու թույլ ես կամ անարդյունավետ ես աշխատում: Ինձ համար դա նշանակում է, որ բժիշկն այնքան պատասխանատու է, որ իր հիվանդներին սեփական հպարտությունից վեր է դասում», - կարծում է Այվին:
Ապագա բժիշկներին նա միայն մեկ խորհուրդ ունի, այն է` համարձակ լինել:
«Եղե՛ք բավական համարձակ՝ սովորելու այն բաները, որոնք դուք պետք է իմանաք, քանի դեռ ձեր դասախոսները փոխանցում են ձեզ իրենց գիտելիքները: Եղեք այնքա՛ն համարձակ, որ հարցնեք այն բաների մասին, որոնք չգիտեք: Եվ այնքա՛ն համարձակ եղեք, որ ամեն ինչին միայնակ դիմագրավեք, քանի որ, ի վերջո, ձեր հիվանդի կյանքը կախված է լինելու ձեզնից և միայն ձեզնից: Կյանքը հեշտ չէ, միաժամանակ, այն դժվար չէ: Ես խորապես հավատում եմ, որ հետևողական մարդն անպայման հաջողության կհասնի», - եզրափակում է Այվի Սալադագան:
Կարծիքներ