ԱՄՆ-ն կոկորդիլոսի արցունքներ է թափում իրանցիների համար. Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին քննադատել է ԱՄՆ վարչակազմին՝ Իրանում ցույցերի պատճառով Թեհրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությանը։
«Միացյալ Նահանգները, որն աջակցում է ցույցերը և ահաբեկչությունը, պատժամիջոցներ է սահմանում իրանցի ժողովրդի նկատմամբ և նրանց դեմ առավելագույն ճնշման արշավ է մեկնարկել, կոկորդիլոսի արցունքներ Է թափում», - ասել է դիվանագետը։
Այսպես է Քանաանին արձագանքել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությանը, որն իրանցի ժողովրդին աջակցություն էր հայտնել ,իշխանությունների կողմից ճնշման ենթարկվելու համարե։ Փրայսը հայտարարություն էր արել ձմեռային արևադարձի՝ Իրանում նշվող Շաբ Է Յալդա (Յալդայի գիշեր) տոնի առթիվ։ Քանաանին հավելել է, որ «լավ կլինի, որ ահաբեկիչների դաշնակիցները լռեն և մտածեն իրենց ճգնաժամերի մասին, որոնցից տառապում է սեփական ժողովուրդը»:
Դեկտեմբերի 21-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական «Իմեն Սանաթ Զաման Ֆարա» զրահապատ մեքենաներ արտադրող ընկերության և մի քանի ֆիզիկական անձանց դեմ՝ Իրանում ծայր առած բողոքի ցույցերի պատճառով: ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ հաղորդվում է, որ սահմանափակումների ցուցակում է հայտնվել Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին։
Ցուցակում ընդգրկված են նաև «Բասիջ» իսլամական ժողովրդական աշխարհազորային ուժերի ղեկավարի տեղակալ Հոսեյն Մարուֆին և կիբեռանվտանգության բաժնի ղեկավար Մոսլեմ Մոեյնը։ Իրանում անկարգությունները սկսվել են սեպտեմբերին՝ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Բարքերի ոստիկանությունն Ամինին բերման էր ենթարկել գլխաշորը ոչ պատշաճ ձևով կրելու համար։
Ըստ պաշտոնական վարկածի՝ հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ստացել, որից մահացել է։
Սակայն սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։ Հոկտեմբերի 7-ին Իրանի դատաբժշկական կազմակերպությունը պաշտոնական զեկույց էր հրապարակել աղջկա մահվան պատճառների մասին, որտեղ նշված Է, որ նրան վնասվածքներ չեն հասցվել։ Իրանում երկուսուկես ամսվա ցույցերի և անկարգությունների ընթացքում, ըստ տարբեր տեղեկությունների, զոհվել է 450-ից ավելի մարդ, այդ թվում՝ իրավապահներ:
Կարծիքներ