Մոսկվան վստահեցնում է՝ ՌԴ խաղաղապահները կատարում են Լաչինի միջանցքի վերահսկողության հետ կապված իրենց պարտականությունները
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները կատարում են Լաչինի միջանցքի վերահսկողության հետ կապված իրենց առջև դրված պարտականությունները։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «Արմենպրես»-ը։
Նա մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները
«Ես կարող եմ հակառակն ասել՝ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունն իրականացնում են։ Գործողություններ ձեռնարկվում են, աշխատանք տարվում է։ Նրանց, ովքեր չգիտեն, կամ ովքեր հիմնվում են քաղաքական հայտարարությունների վրա, ուզում եմ հիշեցնել, որ մինչ այս բազմիցս սրացումներ եղել են, եղել են խնդիրներ, կողմերն իրար մեղադրել են, և հենց ռուսաստանցի խաղաղապահներն են արել ամեն բան իրավիճակը կայունացնելու համար, և դա նրանց մոտ ստացվել է։ Այնպես որ, մեր խաղաղապահների հանդեպ նման վերաբերմունքը չի ընդունվում», - ասել է Զախարովան։
Այս թեմային է անդրադարձել նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հայտարարել է, որ ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի կարգուկանոն և խաղաղություն ապահովեն այն տարածքներում, որտեղ աշխատում են։
«Նրանք գործում են կողմերի միջև ստորագրված փաստաթղթերի ոգուն և տառին համապատասխան։ Անշուշտ, մենք մեր հայաստանցի գործընկերների և դաշնակիցների հետ կշարունակենք այս թեմայի քննարկումը», - ասել է Պեսկովը։
Կարծիքներ