Հայաստանը մեկ շնչի հաշվով միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր է. անցումային շրջանից հետո չի օգտվի «GSP+»-ից
Հայաստանը Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն ՀՆԱ մեկ շնչի հաշվով, որի արդյունքում տրված մեկ տարի անցումային շրջանի ավարտից հետո այլևս չի կարողանա օգտվել ԵՄ երկրներ ներմուծման մաքսային արտոնությունների համակարգից՝ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ»-ից («GSP+»): «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին մանրամասներ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
Արտոնությունների ընդհանրացված համակարգը (GSP) մաքսային արտոնությունների համակարգ է, որը զարգացող երկրների արտահանողներին հնարավորություն է տալիս իրենց երկրի ծագում ունեցող արտադրանքը ԵՄ արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով։
Հայաստանն օգտվում է Միացյալ Նահանգների, Կանադայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Ճապոնիայի GSP-ից, ինչպես նաև ԵՄ-ի GSP+ համակարգից՝ ապրանքների արտոնյալ մուտք ունենալով ԵՄ շուկա: Այսինքն՝ 6200-ից ավելի հայկական ծագման ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով»,-ասաց փոխնախարարն ու հավելեց՝ դրանք հիմնականում թեթև արդյունաբերական ապրանքներն են, հանքահումքային ապրանքները՝ հանածոները, ինչպես նաև ալկոհոլային խմիչքները, պահածոները, չորացրած միրգը և բանջարեղենը:
Կան ապրանքատեսակներ, որոնք ԵՄ շուկայի համար զգայուն են, այդ դեպքում շուկա ներմուծելու համար երկիրը պետք է հատուկ թույլտվություն ստանա: 2005-ին Հայաստանը և 5 ընկերություն կենդանի խեցգետնի ներմուծման մասով արտոնություն են ստացել: Վերջին 15 տարվա մեջ նոր ընկերություն չի գրանցվել, որը թույլտվություն կստանար արտահանում անել:
Ավելին, ԵՄ հետ իրականացված հետևողական աշխատանքների արդյունքում` 2019թ. դեկտեմբերի 14-ից Հայաստանը թույլտվություն է ստացել նաև հայկական ծագման խխունջներն ԵՄ արտահանելու համար:
Ոչ բոլոր երկրները կարող են ԵՄ մեղր արտահանել, 2013-ից թույլտվություն ունեցողների շարքում է Հայաստանը: Փոխնախարարը նկատեց, որ չնայած մաքսատուրքի մասով ստացած արտոնությանը՝ Հայաստանն արտահանման համար իրականացնում է լոգիստիկ որոշակի ծախսեր, հետևաբար հայկական ապրանքները ԵՄ շուկայում պետք է դասավորվեն որակյալ, միջինից բարձր գին ունեցող ապրանքների շարքում:
GSP+ համակարգում ընդգրկված լինելու հիմնական նախապայմանն այն է, որ երկիրը պետք է լինի GSP-ի ցուցակում, վավերացրած լինի և արդյունավետ իրականացնի 27 համապատասխան միջազգային կոնվենցիաները, ընդգրկված լինի նաև խոցելի երկրների խմբում: Հայաստանը բավարարել է բոլոր չափանիշներին՝ դրանով ընդգրկվելով GSP+ համակարգի մեջ: Սակայն GSP արտոնյալ առևտրային ռեժիմը սահմանող ԵՄ համապատասխան կանոնակարգում ամրագրված դրույթների համաձայն՝ եթե երկիրը 3 տարի անընդմեջ դասվում է բարձր կամ միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների ցանկում՝ երկիրը դուրս է գալիս ռեժիմի շահառուների ցանկից: «Հիմա մենք ընկել ենք այդ նախապայմանի տակ, 3 տարի անընդմեջ Համաշխարհային բանկի մեթոդաբանության համաձայն՝ դասակարգվել ենք միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր: Տրվել է 1 տարի անցումային ժամանակաշրջան, դրանից հետո Հայաստանը չի կարող օգտվել GSP համակարգից, հետևաբար նաև GSP+ համակարգից: Հիմա 2021-ը մեր անցումային տարին է»,-ասաց Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանին ավելի ձեռնտու չէ լինել միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր և օգտվել այդ արտոնությունից: Սիմոնյանը կարևորեց, որ այն գործարարները, որոնք ԵՄ շուկայում երկար ժամանակ մաքսատուրքերի արտոնությունների մասով մրցակցային առավելություն են ունեցել, այսինքն՝ իրենց առաջարկած գինն ավելի մրցունակ է եղել, քան մեկ այլ երկրի առաջարկածը, արդեն իսկ հասցրած կլինեն դիրքավորվել ԵՄ շուկայում, զբաղեցնել ավելի մրցունակ դիրքեր: «Եվ, եթե իրենք չեն դիրքավորվել այդ շուկայում, մարքեթինգային ծախսեր չեն իրականացրել, իրենց ապրանքն ավելի չեն խորացրել այդ շուկայում, ավելի մրցունակ դիրքեր չեն վերցրել և իրենց հույսը միայն եղել է մաքսատուրքի չափով առավելությունը, ուրեմն վերջիններս իրենց բիզնեսը սխալ են կառուցել»,-ասաց Սիմոնյանը:
Աննա Գրիգորյան
Կարծիքներ