Զախարովայի գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը և նրա անդամ պետությունները տարիներ շարունակ փորձում են ամրապնդվել Հարավային Կովկասում՝ տարածաշրջանը ներգրավելով Ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական հակամարտության մեջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զախարովան ասել է հուլիսի 30-ին կայացած ճեպազրույցի ընթացքում՝ ընդգծելով, որ նրանց նպատակը տարածաշրջանի երկրների ներուժն ու ռեսուրսներն օգտագործելն է կոլեկտիվ Արևմուտքի շահերին համապատասխան, հատկապես՝ Ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական դիմակայության համատեքստում:
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Արևմուտքը հետաքրքրված չէ հավասար ու փոխշահավետ հարաբերություններով հետխորհրդային տարածքում։
«Նրանց նպատակը ռեսուրսների յուրացումն է, երկրների միջև հակասությունների սրումը, լարվածության աճը։ Նրանք գործում են որպես գաղութարարներ, նվաճողներ ու իմպերիալիստներ», - ասել է Զախարովան:
Նա կարծիք է հայտնել, թե տարածաշրջանի պետությունները, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, պետք է գիտակցեն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման հնարավոր վտանգները։
«Բոլորին հայտնի է, թե ինչով է դա ավարտվում։ Որտեղ հայտնվում է Հյուսիսատլանտյան դաշինքը, այնտեղ աճում է ռազմական լարվածությունը, տարածվում է կոնֆրոնտացիան, մոռացվում են խաղաղությունն ու կայունությունը», - եզրափակել է Զախարովան:
Կարծիքներ