Լիտվայի արտաքին գործերի նախարարը պարգևատրել է գրականագետ Ֆելիքս Բախչինյանին
Հայ-լիտվական գրական-մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Լիտվայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը նախարարության պատվոգրով է պարգևատրել գրող, գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանին:
«Պարգևը հանձնվել է մեր անկախության 30-ամյակի առթիվ: Լիտվան առաջին պետությունն էր, որը 1991 թվականին ճանաչեց Հայաստանի անկախությունը: Այդ տարիներին լիտվերենից հայերեն եմ թարգմանել լիտվական դասական գրողների ստեղծագործությունները, նրանց գրականության հիմնադիր Քրիստիոնաս Դոնելայտիսի աշխատանքները, Լիտվայի մեծ բանաստեղծների գործեր, որոնք մինչև խորհրդային տարիներն են ստեղծագործել»,- ասաց Բախչինյանը:
Նրա խոսքով՝ կարևոր է այն, որ Լիտվայի արտաքին գործերի նախարարն իրեն պարգևատրել է հենց Հայաստանում: «Նրա աշխատանքային գրաֆիկը հագեցած էր, բայց մենք մոտ մեկ ժամ զրուցել ենք: Հիշեցի Լիտվայում անցկացրած տարիները, երբ սովորում էի Վիլնյուսի պետական համալսարանում: Զրույցը հաճելի էր և՛ նախարարի, և՛ ինձ համար»,-ասաց Բախչինյանն ու հավելեց, որ օրեր առաջ տպագրվել է լիտվացի մեծանուն հասարակական գործիչ, պրոֆեսոր Լանսբերգիսի մենագրությունը, որը մոտ 300 էջ է: Այն հրատարակվել է մինչ նախարարի Հայաստան գալը:
Բախչինյանն ընդգծեց, որ շարունակում է լիտվական գրականությունը հանրահռչակելու իր գործունեությունը:
Գրականագետ, թարգմանիչ, Վրաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀԳՄ անդամ Ֆելիքս Բախչինյանը ծնվել է 1950 թվականի սեպտեմբերի 22-ին Ալավերդի քաղաքում: Ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը և Վիլնյուսի պետհամալսարանում զբաղվել է հայ-լիտվական գրական-մշակութային կապերի ուսումնասիրությամբ։ Աշխատել է հանրապետական մի շարք թերթերում, եղել է ՀԳՄ նախագահի և Լոռու մարզպետի խորհրդական, հիմնադրել է «Հայոս-Քարթլոս» հայ-վրացական գրական անկախ հանդեսը և «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամը։
100-ից ավելի գրքերի հեղինակ է։
Կարծիքներ