Հոգևոր նորոգում. հաջորդ կիրակի նույնպես կհանդիպենք Հովհաննավանքում. վարչապետ
Այսօր մեր տեր և ուսուցիչ Հիսուս Քրիստոսի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու խորանի առաջ ծնկի գալու և մեղքերի թողություն խնդրելու օր էր: Այս մասին Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում ասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ազատագրման օրակարգը նախ և առաջ, մեծապես և առաջին հերթին նորոգման օրակարգ է՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նորոգման օրակարգ, բայց դրանով իսկ մեծապես նաև նրա հետևորդների՝ մեզնից յուրաքանչուրի հոգու և հոգևոր կյանքի նորոգման օրակարգ:
Ես առաջին հերթին խոսում եմ իմ մասին և այսօրվա պատարագն ինձ համար իմ հոգու և հոգևոր կյանքի նորոգման մի կարևոր մեկնարկ է: Եվ ես հույս ունեմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր նորոգման կողմնակից են, այդ գործընթացը կսկսեն իրենք իրենց հոգու և հոգևոր կյանքի նորոգմամբ, որովհետև մենք մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ազատագրման և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նորոգման ճանապարհին պետք է արժանի լինենք մեր Սրբության սրբոցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
Ուզում եմ ասել նաև, որ մյուս կիրակի օրը նույնպես Հովհաննավանքում կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագին»,- նշում է վարչապետը:


Կարծիքներ