ԼՀԿ-ն առաջարկեց ռազմարդյունաբերության լիազոր մարմնում սովորողներին զինծառայությունից տարկետում տալ

ԼՀԿ-ն առաջարկեց ռազմարդյունաբերության լիազոր մարմնում սովորողներին զինծառայությունից տարկետում տալ

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ռազմարդյունաբերական համալիրին կից ստեղծել գիտական կենտրոն, որտեղ երկրորդ և երրորդ մակարդակի ուսումնառություն անցնելու ցանկություն հայտնած անձանց կտրվի տարկետում՝ զինվորական ծառայության զորակոչից:

Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, սակայն, ստացավ բացասական եզրակացություն:

«Նախագծով առաջարկվում է ստեղծել ռազմարդյունաբերության համալիրին կից գործող գիտական կենտրոն, որը ՀՀ-ում հավատարմագրված բուհերի հետ համատեղ կիրականացնի գիտահետազոտական ծրագրեր՝ ելնելով պետության կարիքներից: Եվ սրա համար նախատեսում ենք նաև տարկետման հնարավորություն: Այսինքն՝ այն քաղաքացիները, որոնք կընդունվեն բուհ և ի սկզբանե կկնքեն համապատասխան պայմանագիրը, որ համաձայն են հետո իրենց ողջ գիտական ներուժն օգտագործել բանակի համար, կստանան տարկետման իրավուքն: Այդ անձինք բակալավրիատը կսորովեն իրենց բուհում, իսկ երկրորդ և երրորդ մակարդակի ուսումնառությունը կանցնեն համապատասխան հաստատությունում՝ ռազմարդյունաբերության համալիրին կից ստեղծված, որտեղ իրենց գիտական աշխատանքները կլինեն ոչ թե վերացական բաներ, այլ կոնկրետ բանակին կամ պետական այլ մարմիններին անհրաժեշտ»,- ասաց ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանն ու վստահեցրեց, որ առաջարկում են ստեղծել հարթակ, որտեղ ողջ գիտական ներուժը կծառայի բանակի և պետության շահերին:

Այսպիսով, նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի պահանջներից ելնելով՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնում բարձրագույն կրթության երկրորդ կամ երրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառությունն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիներին, որոնց հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր:

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը հիշեցրեց արդեն իսկ գործող գիտական վաշտի գոյության մասին: Կառավարությունը դեմ էր նախագծին:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նշեց, որ պաշտպանության նախարարության համար տարկետման տրամադրումը ինչ-ոչ չափով մտահոգիչ է լինելու ու ներկայացրեց կառավարության դիտարկումները: «Ռազմարդյունաբերական համալիրը՝ տարբեր կառույցներից բաղկացած համակարգը չի կարող բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ իրականացնել համատեղ ծրագիր: Նախագծով լիարժեք և հստակ կարգավորված չեն ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ուսումնական ծրագրին և դրա իրականացման ընթացակարգին վերաբերող դրույթները և այլն »,- ասաց նա:

Գորգիսյանի համար կառավարության հիմնավորումները համոզիչ չէին: Այնուամենայնիվ, հանձնաժողովի քվեարկությամբ նախագիծը ստացավ բացասական եզրակացություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում