Ցեղասպանությունների կանխումն անհնար է առանց անցյալի ցեղասպանությունների մանրազնին քննության. Վիլեն Գաբրիելյան

Ցեղասպանությունների կանխումն անհնար է առանց անցյալի ցեղասպանությունների մանրազնին քննության. Վիլեն Գաբրիելյան

Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության ցեղասպանությունն ապացույցն էր այն բանի, որ անցյալի ցեղասպանությունների ոչ պատշաճ դատապարտումը հանգեցնում է դրանց շարունակական կրկնման։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը։ 

Պարոն Գաբրիելյան, 110 տարի է անցել Հայոց ցեղասպանության իրողությունից։ Անցած 110 տարիների ընթացքում բազմաթիվ են եղել Հայոց ցեղասպանության դատապարտումները, սակայն թվում է, թե ցեղասպանությունները՝ որպես կոնվենցիոն առումով դատապարտելի երևույթներ, շարունակում են մնալ անպատիժ։

Հարցին Գաբրիելյանը պատասխանել է.

«Հայոց Ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում մարդկության նորագույն ժամանակների պատմության ամենաամոթալի երևույթներից է, որի թե՛ պլանավորումը, թե՛ իրագործումը որևէ կերպ չխոչընդոտվեց աշխարհում պատերազմական իրավիճակի և առհասարակ քաղաքական կամքի բացակայության պատճառով։

Ավելին` Օսմանյան կայսրությունում հայության լայնամասշտաբ կոտորածների նախադեպեր արդեն իսկ տեղի էին ունեցել՝ ի դեմս 1894-1896 թթ․ համիդյան ջարդերի, 1911 թ․ Ադանայի կոտորածի, որոնք ևս չկանխվեցին և չդատապարտվեցին։ Արդյունքը 1914-1916 թթ․ ընթացքում գրեթե անխոչընդոտ կերպով 1,5 միլիոն հայության ոչնչացումն էր՝ զինակոչված տղամարդկանց խմբակային գնդակահարությունների, մտավորականության ձերբակալման և ոչնչացման, բնակչության մնացյալ՝ անպաշտպան հատվածի աքսորի, սովահարության, բռնությունների միջոցով։ Անցած 110 տարիների ընթացքում, իհարկե, զարգացել է մարդակենտրոն իրավական միջազգային համակարգը, որը մարդու բնական իրավունքների պաշտպանությունը հռչակել է որպես առաջնահերթություն։

Ասվածի վկայությունն է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունումը, որը պետք է կանխարգելիչ իրավական ակտ հանդիսանար ապագայում ցեղասպանությունները կանխելու համար, սակայն մենք հստակորեն կարող ենք արձանագրել աշխարհում ցեղասպանությունների շարունակական կրկնման փաստը, ինչը վկայում է առկա իրավական կանխարգելիչ համակարգի անկատարության մասին։ Ասվածի ապացույցն է 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության հանդեպ ադրբեջանական իշխանությունների իրականացրած ցեղասպանությունը»։ 

 

Մերօրյա իրականության մեջ ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկվեն ցեղասպանությունների հետագա կանխման համար։

Պատասխանելով այս հարցին, Գաբրիելյանը նշել է, որ իր խորին համոզմամբ՝ ապագայում ցեղասպանությունների կանխումն անհնար է առանց անցյալի ցեղասպանությունների մանրազնին քննության, հրապարակայնության ապահովման և արժանի պատժի ու պատասխանատվության մեխանիզմների հստակ սահմանման ու այդ սահմանումների անշեղ կատարման։

«Անցյալի հանցագործությունների միջազգային «արխիվացումը» միայն մեծացնում է ապագայում դրանց ժամանակակից դրսևորումների հնարավորությունը։ Միջազգային իրավունքը պետք է աներկբա արտահայտվի բոլոր այն հանցագործությունների վերաբերմամբ, որոնք առնչվում են մարդու բնական իրավունքների ապահովմանը, իսկ ցեղասպանությունը մարդկային մեկ միասնական օրգանական հանրույթի հավաքական գոյության իրավունքի արմատական խախտումն է, ինչը սպառնալիք է աշխարհի յուրաքանչյուր ժողովրդի համար՝ անկախ թվական և տարածքային հանգամանքներից։

Ասվածը վերաբերվում է նաև 1988-1992 թ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության իրավունքների խնդրին ևս, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտմանը, որի քաղաքական արձանագրումը և հայության իրավունքների ամբողջական վերականգնումը միայն կարող է երաշխիք և հիմք լինել մեր տարածաշրջանում ապագայի ցեղասպանությունների կանխման համար։

Այլապես ադրբեջանական հայատյաց վարչակարգերի շարունակական և անխոչընդոտ վերարտադրությունը վերածվել է ցեղասպանածին ակունքի՝ որպես սպառնալիք ինչպես միջազգային իրավունքի տեղական իմպլեմենտացիային, այնպես էլ երկրամասի խաղաղ և բնականոն զարգացմանը»,- ասել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում