Միասնական քննությունների առաջին փուլին մասնակցության աննախադեպ ցուցանիշ է գրանցվել

Միասնական քննությունների առաջին փուլին մասնակցության աննախադեպ ցուցանիշ է գրանցվել

2025 թվականի բուհական ընդունելության առաջին /ձմեռային/ փուլի քննություններին մասնակցության աննախադեպ ցուցանիշ է գրանցվել։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ  11 հազարից ավելի դիմորդ են ունեցել։ Արդեն 3 տարի է՝ ճնշող մեծամասնությունը հանձնում է քննություն «Անգլերեն» առարկայից, երկրորդ տեղում «Մաթեմատիկա»-ն է, երրորդ տեղում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկան։  

«Արդեն 4-րդ տարին է՝ միասնական քննությունները կազմակերպում ենք երկու փուլով։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամեն տարի ավելանում է քննությունն հանձնողների թիվը։ Ամեն դեպքում այս տարի  աննախադեպ ցուցանիշ է եղել։ Առաջին փուլի համար այսքան մասնակցություն երբեք չենք ունեցել։ Նախորդ տարի ունեցել ենք 9 հազար 671 դիմորդ, այս տարի՝ 11 հազար 608 դիմորդ»,-ասաց Կարո Նասիբյանը։  

Առաջին փուլին մասնակցում են նրանք, որոնք կարող են բարձրագույն ուսումնական հաստատությունների համար դիմորդ լինել։ Մասնակիցների հիմնական մասը եղել են 12-րդ դասարանում սովորողները՝ 10 հազար 765։ Մասնակցել են նաև  նախորդ տարիների շրջանավարտները, եղել են նաև օտարերկրյա քաղաքացիներ՝ 309 հոգի։ Այլ երկրներից ամենից շատ մասնակցել են ՌԴ-ից, այնուհետև Գերմանիայից, Նիդեռլանդներից, Բելառուսից, Հնդկաստանից և այլն։ Նրանց թվում են և՛ ազգությամբ հայերը, և՛ օտարազգիները։  

Ինչո՞վ է բացատրվում միասնական քննությունների առաջին փուլին մասնակցության նման բարձր ցուցանիշը։  

«Համակարգը սկսեց աշխատել ու արդյունքները, հնարավորությունները ցույց տվեցին, թե որքան լավ պայմաններ են դիմորդների համար։ Նրանք հունվարին քննություն են հանձնում, փորձում են իրենց ուժերը։ Եթե գոհ են լինում գնահատականներից, ապա դրանք պահպանում են ու հունիսին այլևս չեն մասնակցում քննություններին։ Եթե գոհ չեն լինում, ուրեմն հունիսին նորից են փորձում։ Արդյունքում հաշվվում է այն գնահատականը, որ բարձր է։ Ասեմ, որ նախորդ տարի ամռան քննություններին չէր մասնակցել ձմռանը քննություն հանձնած դիմորդների 15 տոկոսը։ Այսինքն՝ այդքան մարդ գոհ է եղել իր քննությունների արդյունքներից և ամռանը կրկին չի մասնակցել։  

Միասնական քննությունների առաջին փուլին մասնակցության նման բարձր ցուցանիշը դրական է, սակայն այն որոշակի դժվարություններ է առաջացրել Գնահատման և թեստավորման կենտրոնի համար։ Կարո Նասիբյանը նշեց, որ առաջին անգամ ունեցել են 50 քննական կենտրոն։ Այնինչ՝ նախկինում առավելագույնը եղել են 41-ը։  

«Դժվարություններ, իհարկե, եղել են, հատկապես քննասենյակների ընտրության հարցում։ Եթե ամառային ամիսներին կարողանում էինք մեծ, լուսավոր քննասենյակներ ընտրել, ապա ձմռանն ընտրում ենք այն սենյակները, որտեղ կարող ենք պատշաճ ջերմություն ապահովել։ Ասեմ, որ մեր տնօրենները բավականին բարձր պատասխանատվությամբ մոտեցան գործին, և պատշաճ կազմակերպվեց քննությունների ընթացքը»,-ասաց Կարո Նասիբյանը։   

Առաջիկայում ի՞նչ ունեն անելու ձմռան փուլին մասնակցած դիմորդները։ Եթե դիմորդներին արդյունքները բավարում են, ապա կարող են այս տարվա մայիսին հայտագրման ժամանակ առարկան ու բուհն ընտրելուց զատ գրել, որ պահպանում են արդյունքները։ Նրանք, որոնք ուզում են նորից հանձնել քննություն, ապա բուհն ու մասնագիտությունը նշելուց զատ, պետք է գրեն, որ հանձնում են միասնական քննություններ։     

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում