Երկար տարիներ եղել են բազմաթիվ անարդարություններ, ժողովուրդը վրեժի զգացում ունի, ուզում է մեկ հարվածով վերացվի. Պապոյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի կարծիքով՝ արդարության ինստիտուտների և հանրության տարբեր պատկերացումները հիմնականում պայմանավորված են նրանով, որ հանրությունը անարդարությունները մեկ հարվածով վերականգնելու ցանկության ունի:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրական դատարանում հնչեցրած այն դիտարկմանը, ըստ որի՝ արդարադատության ինստիտուտները դեռևս արդարության զգացում չեն սերմանում քաղաքացիների մեջ։
«Հանրությունը զգում է, որ երկար տարիներ Հայաստանում եղել են բազմաթիվ անարդարություններ և ակնկալում է դրանց մեկ հարվածով վերացում, սակայն երբեմն դետալների մեջ խորանալով՝ հասկանում ենք, որ ավելի շատ այդ մոտեցումը կարող է վերածվել ոչ թե արդարության վերականգմանն ուղված քայլի, այլ վրեժի։ Որոշ շրջանակներ այնքան են հարստահարել բնակչությանը, հարստացել, կեղծել ու կեղեքել, ասպատակել պետությունն այնպես, ինչպես մոնղոլներն ու թաթարները, որ հանրությունը պահանջներ է դնում, որով կարծես վրեժի զգացողություն ունենա, քան թե արդարության վերականգնման»,- նկատում է պատգամավորը:
Օրենսդիր մարմնի ներկայացուցչի խոսքով՝ ամեն դեպքում պետությունն իր օրենքներով, գործիքակազմով, իրավապահ համակարգով պետք է արդարությունը վերականգնի. «Օրինակ՝ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը, սա կարող է տևել 5-7 տարի, և ապօրինի գույքի ընդամենը 50-60 տոկոսը վերադառնա ժողովրդին։ Բայց հասարակությունն առաջարկում է մեկ հարվածով խլել այդ մարդկանցից ու ամբողջ գույքը տրամադրել պետությանն ու ժողովրդին, արագ կերպով, սակայն դա ինստիտուցիոնալ առումով այնքան էլ ճիշտ չէ։ Այսինքն՝ երկարաժամկետ կտրվածքով կարող են գրանցվել ռեպուտացիոն ռիսկեր, ներդրումային վատթարացում, արդարադատության համակարգը էապես կձևախեղվի, ինչը կարող է բերել նաև քաղաքական համակարգի ձևախեղմանը»։
Պետության ու ժողովրդի երկարաժամկետ շահի տեսանկյունից անհրաժեշտ է գնալ արդարության՝ օրենքի տառին համապատասխան և օրենսդրորեն, պնդում է Պապոյանը։
Ըստ նրա՝ եթե նման հարցերին բռնի ճանապարհով լուծումներ տրվեն, դրանից հետո առաջ է գալու ավելի վատ իրավիճակ, քան դրանից առաջ էր․ օրենքի ճանապարհով առաջնորդված երկրները տնտեսական մեծ զարգացումներ են ապրում, դա է պատճառը, որ Հայաստանը գնում է երկար, դժվար ճանապարհով, ինչից պետությունն ու ժողովուրդն ավելի են շահելու․ «Բայց միևնույն ժամանակ արդարադատական համակարգը պետք է ժողովրդին մոտ լինի և չգնա դիմադրության ժողովրդի դեմ։ Երբ Կառավարությունը գնում է օրենքի գերակայության ճանապարհով, դրան պետք է հետևի նաև դատական իշխանությունը։ Այս առումով էական փոփոխություններ կան, քանի մի քանի տարի առաջ էր»։
Իշխող ուժի ներկայացուցիչը շեշտում է նաև այն, որ դատական համակարգը իշխանության պատկերացումներով չպետք է շարժվի, այլ՝ հանրաքվեների, օրենքների ու Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելով։ Այս համատեքստում, ըստ նրա, առաջնային է այն փաստը, որ իշխանությունը ժողովրդինն է։
Ինչ վերաբերում է Կառավարության իրականացրած բոլոր անհրաժեշտ փոփոխություններին, որոնք պետք են դատական անկախ համակարգի ձևավորման և գործունեության համար, Պապոյանն առանձնացնում է, օրինակ, ապօրինի գույքի բռնագանձման օրենքը, դատավորների աշխատավարձերի բարձրացումը՝ միևնույն ժամանակ նկատելով, որ դեռ հսկայական աշխատանք կա, որ պետք է արվի:
«Եթե ուզում ես երկարաժամկետ պետություն ունենալ, ապա այլ տարբերակ, քան արդարադատության ու արդարության նույնականացումն է, չի կարող լինել»,- համոզմունք է հայտնում նա:
Կարծիքներ