Սիսիանի և Գորիսի 9 դպրոցի ուսուցիչներ առարկայական վերապատրաստում են անցնում
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում առարկայական վերապատրաստումները շարունակվում են։ Օգոստոսի 2-ից ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում վերապատրաստում են անցնում Սիսիան և Գորիս խոշորացված համայնքների 9 դպրոցների (Անգեղակոթի մ/դ, Բռնակոթի մ/դ, Շաղաթի մ/դ, Շամբի մ/դ , Լորի մ/դ, Շաքիի մ/դ, Սիսիանի ավագ, Գորիսի թիվ 1 և թիվ 4 ավագ դպրոցներ) կեսաբանության, հասարակագիտության և ինֆորմատիկայի ուսուցիչները։
Խ2023-2024 ուսումնական տարվա ընթացքում այս դպրոցներում, խմբային ուսուցման ձևչափով, «Ագրոտեխնոլոգիա» առարկան անցել էին 10-րդ և 11-րդ դասարանների սովորողները։ 2024-2025 ուսումնական տարում ծրագիրը կանցնեն նաև 12-րդ դասարանցիները։
4-օրյա վերապատրաստման ընթացքում դասախոսները դասընթացներ կվարեն «Ագրոէկոլոգիա», «Վերամշակում», «Ագրոբիզնես», «Ագրոնոմիա», «Անասնաբուծություն» և «Ճշգրիտ գյուղատնտեսություն» թեմաներով։
«12-րդ դասարանցիների համար նախատեսված թեմաները 10-րդ և 11-րդ դասարանների ծրագրի արդիականացված տարբերակն են։ Ընտրված թեմաներն արդի են ու ժամանակին համահունչ։ Ծրագրում ներառված են նաև գյուղատնտեսության ոլորտին վերաբերող վերջին նորարարությունները։ Դասընթացի առաջին օրն, օրինակ, քննարկվում էր Ագրոէկոլոգիային վերաբերող «Թափոնները, դրանց դասակարգումը, կառավարումը և վերամշակման տեխնոլոգիաները» թեման, որը շատ հետաքրքիր ու կարևոր է։ Քննարկել ենք նաև շրջանաձև տնտեսության գաղափարը, որն ընդունված է ամբողջ աշխարհում և շատ կարևոր է գաղափարը երեխաներին հասցնել», – մանրամասներ է ներկայացնում «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի ղեկավար Ռիմա Գրիգորյանը:
Շամբի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Ռիտա Ղազարյանը 39 տարվա աշխատանքային փորձ ունի։ «Հորիզոններ» ծրագիրը դպրոցում մեծ տարածում է ստացել, պատմում է մանկավարժը։ Աշակերտների համար ծրագիրը շատ կարևոր է, քանի որ գյուղոլորտի վերաբերյալ նոր գիտելիքներ են ստանում և այդ ամենը համեմված նորարարական բաղադրիչով։
«Ինձ համար շատ հաճելի էր այս դասընթացն անցկացնել մեր դպրոցում և շատ կարևոր էր դուալ գաղափարը, երբ տեսականը համատեղում ենք գործնականի հետ։ Ծրագրի և արդեն նաև մեր նպատակն այն է, որ սովորողների մոտ սերմանենք ժամանակակից, կայուն գյուղատնտեսության առանձնահատկությունները, ինչը նրանց առաջիկայում կօգնի մասնագիտության ընտրության հարցում։ Վերապատրաստման ընթացքում մենք կատարելագործեցինք ու հարստացրեցինք մեր գիտելիքները, շատ հետաքրքիր, արդյունավետ ու հագեցած օր ունեցանք»,- պատմում է Շամբի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Ռիտա Ղազարյանը։
ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում ուսուցիչների այս խմբի վերապատրաստումները կտևեն մինչև օգոստոսի 5-ը, ինչից հետո նոր գիտելիքներով ու ուսումնական թեմաներով զինված ուսուցիչները սովորողներին կտրամադրեն մասնագիտական բազային գիտելիքներ և հմտություններ, որոնց շնորհիվ նրանք մուտք կգործեն աշխատաշուկա և կզարգացնեն խելացի գյուղատնտեսությունը:
Կարծիքներ