Հայր Աղան Երնջակյանն անդրադարձել է իր և Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հեռախոսային խոսակցության տարածմանը

Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է իր և Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությանը։
«Նախորդ օրերին մամուլում հայտնվեց հեռախոսային ձայնագրություն, որը դարձավ հասարակության լայն շերտերի բուռն քննարկման առիթ։
Ցավում եմ շատ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի ատենապետ գերաշնորհ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և իմ հեռախոսազրույցը, որը պարունակում է անձնական և ընտանեկան հարցեր, շրջանառման նյութ է դարձել։ Չքննարկելով ձայնագրության իսկությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ, որը, սակայն, սպառիչ չէր ըստ արդյունքների, և շարունակվում են լրատվամիջոցների ու հազարավոր հավատացյալների հարցերն ուղղվել ինձ, որոնք համախմբելով ստացել եմ հետևյալ պատկերը.
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հարցերը քննարկող մարմնի ղեկավարի ուշադրությանը ներկայացված խիստ բարոյական, արժեհամակարգային և ինստիտուցիոնալ բնույթ կրող խնդրո առարկա նյութը նույն Կարգապահական մարմնում արդյոք ընթացք ստացե՞լ է, թե՞ ոչ։
- Եթե չի ստացել, ապա ինչո՞ւ։
- Եթե ստացել է, կա՞ արդյոք քննարկման և որոշումների մասին արձանագրություն, թե՞ ոչ:
- Եվ եթե կա, ինչո՞ւ օրեր առաջ Տեղեկատվական համակարգը հղում չարեց այդ քննարկումներին և որոշումներին։
Այժմ խնդրանքս է Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարձրաստիճան հայրերին և Եկեղեցու պատկան կառույցներին, որպեսզի փոխանակ հետևելու և արձագանքներն ամբողջությամբ իմ վրա թողնելու՝ իրենք պատասխանեն հասարակությանը և հավատացյալներին հուզող հարցերին՝ զերծ պահելով նոր քննարկումներից ու տարընթերցումներից։
Աստված պահապան և օգնական մեր Մայր հայրենիքին, մեր Սուրբ Եկեղեցուն և հարազատ ժողովրդին»,- գրել է Աղան աբեղա Երնջակյանը:
Հիշեցնենք՝ ձայնագրության բովանդակությունից հասկացվում է այն, որ Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգևորականներ ընդվզել են:
Կարծիքներ