Գյումրու քաղաքային իշխանությունը չի վարանել ակտիվացնել կոռուպցիայի պրակտիկան. Առուշանյան

Գյումրու քաղաքային իշխանությունը չի վարանել ակտիվացնել կոռուպցիայի պրակտիկան. Առուշանյան

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անդրադարձել է Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցած իրադարձություններին և ձերբակալություններին:

Սոցցանցի իր էջում մարզպետը գրել է.

«Գյումրին ադաթի ու ավանդույթի քաղաք է, որտեղ առաջնայինը ազնվությունն է ու ճիշտ խոսքը։

Գյումրին շարունակում է բնականոն կյանքը, գյումրեցին շարունակելու է ապրել իր առօրյայով, չնայած որ փորձում են ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի երթևեկությունը խափանվի կամ ճնշման տակ հայտնվեն համայնքապատկան կառույցների աշխատակիցները։

Արկածախնդրություն է, զերծ մնացեք։

Ճշմարտությունը մեկն է՝ սեփական անձի կարևորման համար գյումրեցու հարմարավետությունը խաթարելու ու անվտանգությունը հարվածի տակ դնելու իրավունք որևէ մեկը չունի։

Մեր սիրելի գյումրեցիներին կոչ եմ անում պահպանել հանգստություն, չտրվել սադրանքների, իրավիճակը գնահատել օրենքի տեսանկյունից:

Իրավապահները գործում են բացառապես օրենքի սահմաններում։

Փորձելով հետ բերել հին ու իրենց կողմից շատ սիրված բարքերը` Գյումրու քաղաքային իշխանությունը չի վարանել ակտիվացնել կոռուպցիայի պրակտիկան՝ գուցե չպատկերացնելով, որ այսօրվա Հայաստանում նման մոտեցումները ներելի չեն:

Կոռուպցիան չի կարող հետ գալ, մենք դրա համար չենք պայքարել, և դրան չեն միտված մեր բոլորի ջանքերն ու ամենօրյա աշխատանքը։

Ամենաթողությունն ու չակերտավոր ամենակարողությունը, որն օրենքից դուրս է, այլևս մեր կյանք չեն կարող վերադառնալ»։

Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:   

Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է կաշառքի պայմանավորվածությունների մասին վկայող ձայնագրություն:

Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ են եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:

Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանի համակիրները ծակել են ոստիկանության մեքենաների անիվները: Այս գործողություններին ընթացքում անդադար ղողանջել են եկեղեցիների զանգերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում