Գյանջայի մասին. պատմության հետքերով
Գյանջայի մասին: Գանձակ քաղաքը հիմնադրվել է 846 թվականին եւ շրջապատված է եղել հայկական բազում գյուղերով ու վանքերով: Հատկապես նշանավոր է եղել ավելի վաղ (751 թ.) կառուցված Դասնո վանքը, որտեղ մեծանուն Մխիթար Գոշը գրել է իր «Դատաստանագիրքը»...
Հայ ստեղծարար շինարարների, հմուտ առեւտրականների եւ բազմաշնորհ կրթական-մշակութային գործիչների շնորհիվ Գանձակն արագորեն զարգացել է եւ դարձել տարածաշրջանի վարչա-տնտեսական եւ հոգեւոր կենտրոնը, որը մեր պատմիչները (Վարդան Արեւելցի, Կիրակոս Գանձակեցի) կոչել են «Գանձակ Հայոց» կամ «Գանձակ Առանի»:
9-րդ դարի վերջից մինչեւ 12-րդ դարը Գանձակում է հաստատվել Աղվանից Հայոց կաթողիկոսության գահը:
12-րդ դարից Գանձակն իր շրջակայքով ընդգրկվել է Զաքարյան իշխանապետության մեջՙ դառնալով, ըստ սկզբնաղբյուրների, հայահոծ, հարուստ եւ ամուր բերդաքաղաք:
Նշված ժամանակաշրջանում այդ տարածաշրջանին վիճակված էր մի չափազանց նշանակալից դեր կատարել մեր ժողովրդի կյանքում: Երբ թուրք սելջուկների ասպատակությունների հետեւանքով կասեցվեց քրիստոնեական աշխարհում առաջինը սկիզբ առած Վերածնության (Ռենեսանսի) շարժումը, հատկապես Գանձակից ու նրա շրջակա կրթա-մշակութային օջախներից ծագեց եւ Հայաստանով մեկ տարածվեց հայ դպրության ու մշակույթի նոր կենարար ալիքը: Այդտեղից սերված բազում մատենագիրներից ու գործիչներից հիշենք ամենաերեւելիներին. Հովհաննես Սարկավագ Իմաստասեր . աստվածաբան, փիլիսոփա, տոմարագետ, շարականագիր, արվեստի տեսաբան, որ հատկապես առաջ է մղել հայ գեղագիտական միտքը: Խոշոր իրավագետներ Դավիթ Ալավկա Որդի եւ Մխիթար Գոշ , որը նաեւ եղել է հայ առակագրության հիմնադիրը եւ աննախադեպ բարձունքի է հասցրել հայ իրավագիտական միտքը: Նշանավոր պատմիչներ Կիրակոս Գանձակեցի եւ Վարդան Արեւելցի , որոնք որակական նոր աստիճանի են հասցրել միջնադարյան հայ պատմագրությունը...
Հայտնի են բազում ձեռագիր մատյաններ, որոնք ընդօրինակվել են 14-15-րդ դարերում «ի յերկիրս Գանձակայ»:
16-րդ դարում Գանձակը վերակառուցվել է եւ անցել Սեֆյան Պարսկաստանինՙ որպես առանձին խանության կենտրոնՙ մինչեւ 19-րդ դարի սկիզբը: Այս ժամանակաշրջանում, հայ եւ օտար աղբյուրների վկայությամբ, Գանձակի եւ նրա շրջակայքի բնակչությունը հիմնականում (եթե ոչ ամբողջապես) կազմել են հայերը: Նրանք շարունակել են շենացնել իրենց հայրենի երկիրը, կառուցել բազում քաղաքացիական ու հոգեւոր շինություններ: Այսպես, 1633-ին է կառուցվել Գանձակի վերոհիշյալ Սուրբ Հովհաննես Մկրտիչ մայր եկեղեցին: 18-րդ դարի կառույցներ են քաղաքի Սուրբ Ամենափրկիչ, Սուրբ Աստվածածին, Սուրբ Սարգիս, Սուրբ Թադեոս եկեղեցիները...
1804 թվականից Գանձակն ընդգրկվել է Ռուսական կայսրության մեջ, վերանվանվել Ելիզավետպոլ եւ որոշ ժամանակ անց դարձել համանուն նահանգի կենտրոնը, որտեղ ապրել են շուրջ 400 000 հայեր: Գանձակահայությունը շարունակել է իր բեղուն ազգային կրթա-մշակութային կյանքը. գործել են հայկական դպրոցներ, թատերախմբեր, տպագրվել են գրքեր, մամուլ, վերաշինվել են որոշ եկեղեցիներ, կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին...
Ադրբեջանի խորհրդային հանրապետությունն արդեն ոչ միայն իր կազմում հաստատագրեց Գանձակըՙ ողջ Հյուսիսային Արցախով հանդերձ, այլեւ յուրացրեց Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը... Ելիզավետպոլ-Գանձակը վերանվանվեց Գյանջա, ապա Կիրովաբադ (1935), որ դարձավ հանրապետության երկրորդ քաղաքը: Խորհրդային տարիներին այն դեռեւս հայաշատ էր. ուներ շուրջ 40 000 հայ բնակչություն, որ, չնայած ազգային իրավական սահմանափակումներին ու ճնշումներին, շարունակում էր իր կենսագործունեությունը: Հատկանշելի է, որ քաղաքի մի շարք կառույցներ ստեղծվել են հայ ճարտարապետների նախագծերով: Ունեցել է հայկական դպրոցներ, մամուլ. 1935-1949 թվականներին գործել է հայկական թատրոն...
1988 թվականին, երբ սկսվեց Ղարաբաղյան ազատագրական հզոր շարժումը, Սումգայիթից հետո զանգվածային հարձակումների ենթարկվեցին նաեւ Կիրովաբադ-Գանձակի հայաբնակ թաղամասերը. սկսվեցին ջարդեր ու ավերումներ: Միայն լավ կազմակերպված ինքնապաշտպանության շնորհիվ տեղի հայության մեծագույն մասը խուսափեց ֆիզիկական ոչնչացումից եւ տեղափոխվեց Հայաստան ու Արցախ: Հայոց Գանձակը լիովին հայաթափվեց, եւ հատկապես Լեռնային Ղարաբաղի ազատագրումից հետո, արդեն ըստ ամենայնի թուրքացած եւ կրկին Գյանջա վերակոչված Գանձակում ու նրա շրջակայքում, ինչպես առհասարակ Ադրբեջանի բոլոր բնակավայրերում, պետական ծրագրերով սկսեցին վերացնել նաեւ բոլոր հայկական հետքերը...
Կարծիքներ