«Սիսեռով» լցոնած նռնակը Քոչարյան կրտսերի հրապարակած խաղալիքների կողքին պետք է դնել, թող խաղան. Չախոյան

«Սիսեռով» լցոնած նռնակը Քոչարյան կրտսերի հրապարակած խաղալիքների կողքին պետք է դնել, թող խաղան. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Լևոն Քոչարյանի՝ ԱԱԾ-ի իրականացրած գորոծղությունների վերաբերյալ հրապարակմանն ու խաղալիքների լուսանկարներին:

«ԱԱԾ աշխատանքը ծաղրող Լևոն Քոչարյանը, բնականաբար, պետք է դժգոհ լինի ԱԱԾ-ից, որի աշխատանքի շնորհիվ կանխվեց հերթական ահաբեկչությունն ու Քոչարյանների բաղձալի հեղաշրջումը։

Օրինաչափությունը շատ հստակ է. որքան լավ է աշխատում ԱԱԾ-ն, Քոչարյաններն այնքան ավելի շատ են դժգոհելու։

Առաջարկում եմ երեկ հայտնաբերված՝ Իշխան Սաղաթելյանի նկարագրած «սիսեռով» լցոնած նռնակը հանձնել Քոչարյաններին, թող խաղան»,- գրել է Չախոյանը։

Լևոն Քոչարյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով խաղալիք ատրճանակներ և գրելով. «Ահա թե ինչ է հայտնաբերվել իմ տան խուզարկության արդյունքում»:

Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին ՀՀ քննչական կոմիտեն ահաբեկչության նախապատրաստության դեպքի գործով մանրամասներ էր հայտնել: Դաշնակցական Իշխան Սաղաթելյանը ՔԿ պաշտոնական հաղորդագրությունից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե իբր առգրավված բոլոր զենքերը օրինական են։

«Նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում՝ նռնականման առարկան, նախատեսված է սթրայքբոլ խաղի համար։ Նռնականման առարկայի ներսում պահվել են սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ»,- պնդել էր նա։ 

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն անդրադարձել էր ապատեղեկատվության տարածմանը, թե իբր ահաբեկչության նախապատրաստման համար հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համար և հանրային վտանգավորություն չեն ներկայացնում: ՔԿ-ն հայտնել էր, որ խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը հանդիսանում է «Ֆ1» տեսակի մարտական նռնակ, 2 էլեկտրական անդրապայթիչները (դետոնատորները) նույնպես հանդիսանում են ռազմամթերք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում