Կա մի նուրբ սահմանագիծ՝ մինչ աղքատությունը
Ի՞նչ է աղքատությունը....
Ինչպե՞ս հաղթահարել աղքատությունը….
Ե՞րբ կհաղթահարվի աղքատությունը....
Որտե՞ղ է ծնվում աղքատությունը....
Այս և նմանատիպ հարցադրումները, ցավոք, դեռ երկար օրակարգային կլինեն մեր երկրում:
Հայաստանի Հանրապետության նախորդ գրեթե բոլոր կառավարությունները այս ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկել են:
20-25 տարիների ընթացքում մշակվել են կառավարությունների ռազմավարություններ և քաղաքականություններ, ուղղորդվել հսկայական բյուջետային, դրամաշնորհային գումարներ, որպես նվիրատվություն ստացված հսկայական միջոցներ, եղել են համատեղ ծրագրեր Հայաստանում գործող և Հայաստանի հետ համագործակցող բազմաթիվ միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ:
Հայաստան են հրավիրվել մասնագետների, փորձագետների և խորհրդատուների բազմաթիվ պատվիրակություններ, անցկացվել են բազմաթիվ քննարկումներ, խորհրդակցություններ, հանձնաժողովների նիստեր, բյուջետային միջոցներով օտարերկրյա փորձի ուսումնասիրման նպատակով արտասահման են գործուղվել տասնյակ մասնագետներ, հրատարակվել են հարյուրավոր ձեռնարկներ, ուսումնասիրության արդյունքներ, հոդվածներ, սեղմագրեր և այլն:
Բազմաթիվ այլ դժվարագույն հիմնահարցերի շարքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժառանգել է նաև այս խնդիրը:
Ինչպիսի՞ն կլինեն կառավարության արդյունքները գործունեության այս ոլորտում:
Այս հարցադրումը միանշանակ պատասխան չունի՝ պայմանավորված նաև գործոններով, որոնք նախկինում չեն եղել (համավարակ, արտակարգ դրություն, հեռավար աշխատանք, վեբինար քննարկումներ և այլն):
Այնուամենայնիվ, կան պարզ ճշմարտություններ, որոնք մակերեսին են, քննություն բռնած:
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի պաշտոնյաները միշտ պետք է հիշեն, որ աղքատությունը անցանկալի հյուր է բոլոր այն բնակավայրերում, որտեղ կարևորվում են մարդկանց հոգսերը:
Կա մի նուրբ սահմանագիծ՝ մինչ աղքատությունը.
Երբ համայնքում բազմազավակ ընտանիքի համար փոքրիկ տանը կից ժամանակին կառուցվում է ևս մեկ-երկու սենյակ կցակառույց, երբ վարձավճարի պատճառով ԲՈՒՀ-ից դուրս մնալու սպառնալիքի իրականացումից հինգ րոպե առաջ վրա է հասնում օգնությունը, երբ վարկերի վճարումից, հնարավորությունների իսպառ բացակայությամբ պայմանավորված, խուսափելու համար վերջին պահին կանխվում է քաղաքացու միակ ունեցվածքի՝ բնակարանի վաճառքը և այլն:
Հ.Գ. Հայաստանի Հանրապետության բազմաթիվ բնակավայրերում պահպանվում է ավանդույթը.
առաջիկա օրերի կամ շաբաթների համար՝ ընտանիքի համար թխվող լավաշի առաջին քանակից, երեխաների օգնությամբ, անպայման ուղարկվում է համեմատաբար չունևոր տներին:
Ձոնիկ Մարգարյան
Կարծիքներ