Անահիտ Մանասյանը կոչ է անում զերծ մնալ երեխաների մասնակցությամբ տեսանյութերի և հրապարակումների տարածումից

Անահիտ Մանասյանը կոչ է անում զերծ մնալ երեխաների մասնակցությամբ տեսանյութերի և հրապարակումների տարածումից

Վերջին օրերին երեխայի մահվան դեպքին առնչվող և հանրային հնչեղություն ունեցող հարցի առնչությամբ զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում տարածվել են այլ երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք պատրաստվել և տարածվել են երեխայի «լավագույն շահի», «մի՛ վնասիր» սկզբունքների և «պատասխանատու» լրատվական գործունեության հիմքում ընկած արժեքների խախտմամբ:

 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է, որ նման հրապարակումները երեխայակենտրոն չեն և զգայուն համատեքստում են հանրայնացնում երեխաների անձնական տվյալները, ինչի հետևանքով նրանք թիրախավորվում ու առավել խոցելի են դառնում: Մարդու իրավունքների պաշտպանը վերը նշված հանգամանքներն անթույլատրելի է համարում և հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից:

 

Պաշտպանն ընդգծում է, որ երեխաների մասնակցությամբ նյութեր պատրաստելուն ուղղված մասնագիտական լրատվական գործունեությունը պետք է իրականացվի բացառապես էթիկայի կանոնների, «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանման համատեքստում՝ խիստ կարևորելով երեխաների իրավունքների ապահովումը, այդ թվում` երեխաների մասնակցությամբ լուսանկարների, տեսանյութերի պատրաստումը, մշակումը և հրապարակումը երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ իրականացնելը, այդ գործընթացում «մի՛ վնասիր» սկզբունքի և երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը երաշխավորելը: Նույնը վերաբերում է երեխաների հետ աշխատող այլ մասնագիտական համայնքներին:

 

Երեխաների անձնական տվյալները հրապարակելիս, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու՝ միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջները։

 

Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում երեխաների իրավունքների խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ, իրականացել յուրաքանչյուրի, և, հատկապես, երեխայի անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ ու վերապատրաստումներ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում