Հարցազրույց են վերցրել անչափահասներից. ԱՍՀՆ-ն հորդորում է դեպքը լուսաբանել առանց հոգեբանական տրավմաներ պատճառելու
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Նվեր Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ու նշելո, որ վերջին օրերին պարբերաբար տարածվում է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է 5-րդ ալիքի լրագրողը Ծափաթաղում տեղի ունեցած ահասարսուռ ողբերգության ֆոնին հարցազրույց վերցնում ընտանիքի անչափահաս անդամներից։
«Սա լրագրողական էթիկայի պարզագույն սահմանների կոպիտ խախտում է, որին ականատես ենք լինում։ Պարզապես անընդունելի է, երբ նման ցավալի դեպքերում որոշ լրատվամիջոցներ առավել շատ դիտումների և տարածումների համար անցնում են լրագրողական էթիկայի պահպանման և մարդու հիմնարար իրավունքների և արժանապատվության հարգման անքակտելի սահմանները:
Խնդրում և հորդորում եմ՝ նմանատիպ դեպքեր լուսաբանելիս պահպանել էթիկայի բոլոր նորմերը՝ ձեր գործողություններում առաջնորդվելով երեխայի լավագույն շահերով:
Մարդկային պատմությունները հնարավոր է ներկայացնել ու լուսաբանել առանց կրկնակի զոհականացման և հոգեբանական տրավմայի:
Երեխայի լավագույն շահը պետք է լինի ոչ միայն պետական մարմինների, այլև մեզնից յուրաքանչյուրի, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեության առանցքում»,- նշել է նա:


Կարծիքներ