Առողջական ինչ խնդիրներ կարող է առաջացնել վեյփինգը․ նոր հետազոտություն
Վեյփինգը կարող է կապված լինել կոգնիտիվ ունակությունների խանգարումների հետ: Այսպիսի եզրակացության են հանգել Ռոչեսթերի համալսարանի գիտնականների կողմից անցկացված երկու հետազոտությունների հեղինակները:
Tobacco Induced Diseases ամսագրում հրապարակված առաջին հետազոտության ընթացքում գիտնականները կապ են հայտնաբերել դեռահասների շրջանում կոգնիտիվ ունակությունների վատթարացման բողոքների եւ վեյփինգի միջեւ, հաղորդում է Medportal.ru-ն:
Ուսումնասիրության մասնակիցները, ովքեր վեյփ կամ սովորական ծխախոտ են ծխել, ավելի հաճախ են հայտնել ուշադրությունը կենտրոնացնելու, հիշելու եւ որոշումներ կայացնելու հետ կապված դժվարությունների մասին, քան չծխողները: Ավելին, որքան շուտ է մարդը սկսել ծխել կամ վեյփ օգտագործել, այդքան էական է եղել կապը: Ամենից հաճախ այդպիսի խնդիրների մասին հայտնել են նրանք, ովքեր ծխել կամ վեյփ օգտագործել սկսել են 8-13 տարեկան հասակում:
Երկրորդ հետազոտությունը, որը հրապարակվել է PLoS ONE ամսագրում, նույնպես ցույց է տվել վեյփինգի եւ կոգնիտիվ գործառույթների վատթարացման բողոքների միջեւ կապը: Ծխողները եւ վեյփերները հայտնել են կոգնիտիվ խանգարումների համարյա նույն աստիճանի մասին՝ համեմատած չծխողների հետ:
Ըստ գիտնականների՝ երկու հետազոտությունների տվյալները չեն նշում, որ կոգնիտիվ ունակությունների վատթարացումը ծխելու կամ վեյփինգի հետեւանք է: Ուսումնասիրության մեջ, որը տպագրվել է PLoS ONE-ում, հեղինակները նշում են, որ կապը կարող է նաեւ հետադարձ լինել՝ տեսականորեն կոգնիտիվ խանգարումները կարող են հակում առաջացնել ծխելու եւ վեյփինգի հանդեպ: Հետազոտողները հիշեցնում են, որ նախկինում հայտնի է եղել այն մասին, որ հոգեկան խանգարումները (դեպրեսիա, տագնապայնություն) կարող են մարդկանց դրդել սկսել ծխել:
Կարծիքներ