Վարդան Ղուկասյանի համար սա «կզած» խաղաղություն է, իսկ այլ երկրի ստրուկ լինելը տղավարի բան է համարում. Ղազարյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի խոսքով՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը հասարակությունը վերջնական, այսպես ասած, չի մարսել, քանի որ դեռ չստորագրված՝ որոշ շրջանակներ սկսեցին տարբեր մանիպուլյացիաներ անել, որպեսզի այն վատ լույսի ներքո ներկայացվի:
Ըստ նրա՝ մարդիկ դեռ լիարժեք չեն պատկերացնում, թե ինչ մեծ քայլ է արվել խաղաղության հասնելու համար. «Սա ոչ թե հաղթաթուղթ է իշխանության համար, այլ ձեռքբերում՝ ժողովրդի համար: Լավ բանը միանգամից չես զգում»:
Վերջինս միաժամանակ նկատում է՝ խաղաղության պայմանագրի կնքումը 7 սարերի հետևում չէ:
Անդրադառնալով հնչող այն մտավախություններին, թե Թուրքիայի հետ սահմանը բացելու դեպքում այդ երկիրը կարող է կլանել Հայաստանը՝ Ղազարյանն ասում է. «Ոչ մեկը չի ասում՝ բարեկամություն արա Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, բայց կռիվ էլ չպետք է անել»:
Իշխող ուժի անդամը կարծիք է հայտնում, որ նախորդ բոլոր իշխանությունները նախանձով են վերաբերվում այս ամենին, որովհետև իրենք կա՛մ չեն ցանկացել, կա՛մ չեն կարողացել սա անել. «Լևոն Տեր-Պետրոսյանը ծերունական մառազմ ունի, իրականությունը կորցրած մարդ է, որը, վախերի մեջ ապրելով, փորձում է իրեն արդարացնել չարածների համար»:
Ղազարյանն ասում է՝ պատերազմ են ուզում այն մարդիկ, որոնց նույնիսկ աղջիկ երեխաները ՀՀ քաղաքացիներ չեն:
Խոսելով ընդդիմության բարձրացրած այն աղմուկի մասին, թե Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրը վերանորոգման անվան տակ քանդում են՝ պատգամավորն ասում է. «Ընդդիմադիրները երթևեկում են իշխանության սարքած ճանապարհներով, և նրանց թանկարժեք մեքենաները մնում են թանկարժեք, բայց ամեն մի նոր բան սարքելիս ասում են, թե քանդում ենք»:
Ալխաս Ղազարյանը, անհեթեթ համարելով Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի այն հայտարարությունները, թե Հայաստանի փրկությունը Ռուսաստանում է, կարճ է մեկնաբանում դրանք. «Վարդան Ղուկասյանն ասում է՝ «կզած» խաղաղություն մեզ պետք չէ, բայց այլ երկրի կայսրությունում ստրուկի պես ապրելը տղավարի բան է իր համար»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
Կարծիքներ