Համերաշխությունը հաղթանակի գրավականն է
Պահանջատեր եւ անշնորհակալ մարդիկ հեղեղել են ֆեյսբուքի հայկական տիրույթը: Բանն այն է, որ այսօր առավոտյան «Համահայկական հիմնադրամի» նախագահ Հայկակ Արշամյանը հրապարակեց պատերազմի ընթացքում իրականացված հանգանակությունների նախնական վիճակագրությունը:
Հրապարակված ինֆոգրաֆիկայում երեւում է, որ հավաքված 150 միլիոն ԱՄՆ դոլարի 45.3%-ը կատարվել է ամերիկաբնակ հայերի կողմից, 33.3%-ը հայաստանցիների, 10.7%-ը Ռուսաստանի հայերի կողմից, 2.9%-ը` Ֆրանսիայի, 1.0%-ը` Գերմանիայի կողմից եւ մի շարք այլ երկրների կողմից:
Այս թվերը սառը ցնցուղի պես լցվեցին հայաստանցի հայերի գլխին, որոնք տասնամյակներով կարծել են, թե մեր «նավթն» ու հարստությունը մեր սփյուռքն է եւ հարկ եղած պահին հենց սփյուռքն է թափ տալու գրպանները եւ մինչեւ վերջին կոպեկը ներդնելու` հայրենիքը պաշտպանելու համար: Սակայն թվերը ցույց տվեցին, որ տեղացիները, անկախ կորոնավիրուսային ճգնաժամի, ծանր տնտեսական վիճակի եւ անհամեմատ ավելի ցածր աշխատավարձերի` ԱՄՆ-ի պես հարուստ երկրից հետո հանգանակությունների քանակով երկրորդն են: Տեղացիները ոչ միայն գումար են փոխանցել, բայցեւ արցախցիներին իրենց տներում են ընդունել, աշխատանքից հետո ուտելիք ու անհրաժեշտ պարագանել են հավաքել ու դասավորել, պաշտպանիչ ցանցեր են հյուսեր եւ այլն:
Ամենից շատ զայրացնում է այն, որ ԱՄՆ իշխանությունները վերջին ամիսներին կլորիկ գումար են վճարել իրենց քաղաքացիներին` կապված կորոնավիրուսային ճգնաժամի հետ եւ մեղմ ասած այժմ ամերիկահայերի գործերը լավ են: Բայց ինչու ենք մենք սեւեռվում ամերիկահայերի վրա, չէ որ հենց Ամերիկայում տեղի ունեցան ամենամասսայական հավաքները, բողոքի ցույցերը, մարդիկ նահանգից նահանգ շարժվեցին` իրենց ձայնը «վերեւներին» հասցնելու համար: Բազմաթիվ փոքր ու մեծ միջոցառումների մասին իմացանք, որտեղ մարդիկ որոշեցին եւ հավաքեցին 50 հազարից մինչեւ 5 միլիոն դոլար` սեփական նախաձեռնությամբ եւ սեփական ուժերով: Գիտենք, որ ինքնաթիռներով հումանիտար օգնություն են ուղարկում, բազմաթիվ արցախցիների համար այստեղ տներ են վարձում եւ տարատեսակ ծախսեր հոգում եւ այլն:
Ինչ են անում միեւնույն ժամանակ մեր մյուս երկու մեծ համայնքները` Ռուսաստանը եւ Ֆրանսիան: Եթե Ամերիկայում լավ է ապրում եւ վաստակում միջին վիճակագրական հայը, ապա Ռուսաստանում ապրում են հարյուրավոր հաջողակ հայեր, ձեռնարկատերեր եւ գործարարներ, դոլարային միլիոնատերեր եւ միլիարդատերեր: Եվ շատ ավելի մեծ էր սպասումը հենց Ռուսաստանից: Որտեղ բոլորիս հայտնի պատճառներով արգելվեցին որեւէ տեսակի ցույցերն ու բողոքի ակցիաները, քանզի այդ երկրի վարքուբարքին ծանոթ յուրաքանչյուր մարդ գիտի, որ Ռուսաստանում ցույցերը կարող են խանգարել, բայց ոչ երբեք օգնել: Ուրեմն ինչ է մնում մեր ռուսաստանաբնակ հայրենակիցներին` կամ թռչել, գալ, զենք վերցնել կամ դրամապանակները բացել:
Եվրոպական երկրներում բնակվող մեր հայրենակիցները սահմանափակվեցին ճամփա փակելով, ցույցեր անելով եւ որոշակի հումանիտար օգնություն ուղարկելով: Ինֆոգրաֆիկայում իրենց բաժին ընկած տոկոսը պարզապես չնչին էր:
Այնուամենայնիվ, անտանելի է դժգոհության ու բողոքի ալիքը, որ բարձրացավ ֆեյսբուքում Արշամյանի գրառումից հետո: Վերջինս անձամբ ստիպված եղավ ինքն իրեն խմբագրել` ասելով.
«Այսօրվա ինֆոգրաֆիկան տարաբնույթ ընկալումների տեղիք է տվել։ Խնդրում եմ հաշվի առնել, որ բոլոր երկրների առումով նվիրատվությունների աննախադեպ աճ է գրանցվել։ Խոսքը մի քանի անգամ, տասնյակ անգամ ավելի գումարների և մասնակցայնության մասին է։ Իսկ եթե հաշվի առնենք, թե ապրանքային տեսքով որքան մեծ օգնություն է հասնում, ապա, հրապարակված թվերը շատ ավելի մեծ կլինեն։ Ցանկացած շահարկում դիտարկելու եմ որպես միտումնավոր քայքայիչ գործունեություն՝ ուղղված Հայաստանին և Սփյուռքին։
Այս աննախադեպ համազգային դրամահավաքով միայն պետք է հպարտանալ, համախմբվել ու առաջ գնալ։ Մենք իրական գլոբալ ազգի վերածվելու ճանապարհին ենք, ցանցապետությունը պետք է կայանա բաղձալի հաղթանակին զուգընթաց»:
Արշամյանը միանգամայն իրավացի է, այդ գրառումները քայքայում են Սփյուռքի եւ Հայաստանի միասնությունը, ինչը վերջին շրջանում հասել է իր պատմական գագաթնակետին: Ժամանակն է փայփայելու այն լավ բաներն ինչ բերեց մեզ չարաբաստիկ պատերազմը, իսկ դա հենց համերաշխությունն ու համախմվածությունն է: Չէ որ ասում են, գյուղ կանգնի գերան կկոտրի: Մեր մասին ասում են, թե աշխարհով մեկ տասը միլիոն ենք, լավ, թող մի երեք միլիոննն արդեն ձուլված լինեն, առնվազն յոթ միլիոն հայ, բարձր գիտակցությամբ, հայրենասիրությունով` մեկ գաղափարի շուրջ, իսկապես կարող է աշխարհը շրջել: Ես հավատում եմ եւ ես շնորհակալ եմ, ինչպես հանգանակությանը մասնակցած, այնպես էլ տաք ձեռնոց ու գլխարկ գնած, իր հնարավորությունների սահմաններում օգնություն մատուցած յուրաքանչյուր մարդու: Կյանքն առանց այն էլ դաժան է, դադարեք բողոքելն ու մեզ պառակտելը եւ ամեն բան լավ կլինի: Ի վերջո, հենց համերաշխությունն է մեր հաղթանակի գրավականը:
Կարծիքներ