Ստեփանակերտում Հադրութի վերածննդի և Առաջին պաշտպանական շրջանի կազմավորման օրվան նվիրված հուշ-երեկո է կազմակերպվել
Հադրութ քաղաքի վերածննդի և Առաջին պաշտպանական շրջանի կազմավորման օրվան նվիրված՝ Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում օգոստոսի 15-ին հուշ-երեկո է կազմակերպվել: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկաները նախ լռության րոպեով հարգել են Արցախյան գոյամարտում զոհված հերոսների հիշատակը:
Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը նշել է, որ 1992թ․ օգոստոսի 15-ին ադրբեջանցիները լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեցին Հադրութի ուղղությամբ՝ կիրառելով իրենց ունեցած ռազմական զինանոցի բոլոր միջոցները: Այդ ժամանակ հակառակորդը գրավել էր մարտավարական առումով կարևոր նշանակություն ունեցող բարձունքները։ Սակայն, հայ ազատամարտիկների հակահարվածը չուշացավ, ինչի արդյունքում թշնամին ջախջախիչ պարտության մատնվեց և հետ շպրտվեց Հադրութի մատույցներից։
«Արդեն 3-րդ տարին է՝ քաղաքի վերածննդի և 1-ին ՊՇ կազմավորման օրը նշվում է Հադրութից հեռու։Մենք շարունակելու ենք նշել այս պատմական օրը՝ հանուն մեր քաջորդիների, հանուն մեր հաղթանակների, շարունակելու ենք նշել՝ մատաղ սերնդին ներկայացնելով, որ միասնական հայի դեմ պայքարելն անհնար է։ Ինչպես 90-ականներին, այնպես էլ 44-օրյա մարտական գործողությունների ժամանակ 1-ին Պաշտպանական շրջանի մարտիկները կատարել են առավելագույնը՝ մի քանի անգամ տեխնիկապես և քանակական առումով գերազանցող թշնամուն կանգնեցնելու համար, անգամ շրջափակման մեջ նրանք շարունակեցին պաշտպանել իրենց վերապահված մարտական դիրքերը»,- ասաց Հադրութի քաղաքապետը՝ հավելելով, որ Արցախի շրջափակման հետևանքով տեղահանված հադրութցիները հայտնվել են ծանր վիճակում:
«Մենք՝ հադրութցիներս, կորցնելով ամեն ինչ, շարունակում ենք ապրել մեր Հայրենիքում և սա պայմանավորված չէ Արցախից դուրս բնակվելու անկարողությամբ կամ դժվարությամբ, այլ պայմանավորված է մեր հայրենասիրությամբ, հավատքով, նվիրվածությամբ հարազատ հողին և մշակույթին»,- ընդգծեց Սավադյանը՝ նշելով, որ այսօր Հադրութ վերադառնալը երազանք է, որին հասնելու համար պետք է ազգովի պայքարել՝ որդեգրելով 90-ականների միասնությունը և վճռականությունը։
Հուշ-երեկոյի ընթացքում ազգագրական պարերով ու ռազմահայրենասիրական երգերով են ներկայացել Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական և մշակութային կրթօջախների սաները: Տեղի է ունեցել նաև ձեռքի աշխատանքների ու գեղանկարների ցուցահանդես, որոնք ներկայացնում էին դրվագներ Հադրութի շրջանի բնակավայրերից, բնապատկերներ և արցախյան խորհրդանիշներ:
Կարծիքներ