Նոր աշխատատեղեր, բիզնեսի ստեղծում. մեկնարկեց ՀՀ երեք մարզի զարգացմանն ուղղված ծրագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդեա Վիկտորինը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ազդարարեցին ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի պաշտոնական մեկնարկը:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը:
Ծրագրի գործընկերները ներկայացրին LEAD ծրագրի հիմնական նպատակները, այն է՝ տեղական ակտիվ դերակատարների համատեղ ջանքերով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմամբ նպաստել Հայաստանի երեք հյուսիսային մարզերի զարգացմանը և կյանքի որակի բարելավմանը: Ծրագրի արդյունքները բխում են «ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) առաջնահերթություններից:
«ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում հատուկ շեշտադրում է արված նաև տարածքային համաչափ զարգացման և համագործակցության վրա: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Հայաստանի համար դժվար ժամանակներում, սակայն ԵՄ-ն պատրաստակամ է շարունակելու իր օժանդակությունը Հայաստանին՝ հաղթահարելու առկա մարտահրավերները և դրական փոփոխություն բերելու մարդկանց կյանքում: Ծրագիրը հնարավորություն է տալիս ժողովրդավարության և իրավունքների գերակայություն ունենալ, ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունը, ստեղծել նորանոր աշխատատեղեր, ստեղծել բիզնես և այլն»,- ասաց Վիկտորինը:
14.6 մլն եվրո բյուջե ունեցող 4-ամյա LEAD ծրագիրը բաղկացած է երեք ենթածրագրից: Ավստրիայի զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող և ԱԶԳ-ի կողմից իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Շիրակի մարզի զարգացման» ծրագիրը, ինչպես նաև ՄԱԶԾ և ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագիրը կենտրոնանալու են ՀՀ-ում:
«Այս ծրագիրը շատ կարևոր է: Մեր ռազմավարությունն ու քաղաքականությունն է՝ օգնել մարդկանց, որպեսզի գյուղական բնակավայրերում բարելավվի կյանքը, որպեսզի ավելի շատ լինեն աշխատանքի և զբաղվածության հնարավորությունները: Այսպիսով, մարզերում ապրող մեր հայրենակիցները կկարողանան ոչ միայն գյուղատնտեսությամբ զբաղվել, այլև բիզնեսով: Ես անձամբ, հանձն եմ առնում ամեն ինչ անել այս ծրագրի հաջողության համար»,- ասաց Վահան Քերոբյանը:
Վաչե Տերտերյանն ընդգծեց, թե խորհրդանշական է այն հանգամանքը, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող ծրագրի մեկնարկը տրվում է համաձայնագրի պաշտոնապես ուժի մեջ մտնելուն զուգահեռ:
«Համոզված եմ, որ սա շատ լավ նախադրյալ է, և մեր համատեղ ջանքերը՝ ուղղված այս ծրագրի իրագործմանը, որակապես նոր մակարդակ կտեղափոխեն ՀՀ-ում եվրոպական արժեքների տեղայնացումը: Հուսով եմ, որ ՀՀ երեք հյուսիսային մարզերում այս ծրագրի հաջող իրագործումը նաև ամուր նախադրյալ կստեղծի մնացած մարզերում ևս LEAD-ի փիլիսոփայության տեղայնացման և, ինչու չէ, այն մեր համատեղ ջանքերով իրականացնելու համար»,- նշեց Տերտերյանը:
Երրորդ ենթածրագիրը՝ ՄՔՄՄԿ-ի կողմից իրականացվող «ԵՄ-ը հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ծրագիրն ուղղված է միգրանտների և նրանց ընտանիքերի անդամների ներուժի մոբիլիզացմանը: Ծրագիրը նպատակ ունի խրախուսել արտերկրից դրամական փոխանցումների թիրախային օգտագործումը և վերադարձող միգրանտների կամ միգրանտների ընտանիքների անդամների ֆինանսավորման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն ու բիզնեսի զարգացումը:
Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի առնվազն 250 նոր աշխատատեղ, աջակցություն կստանա ավելի քան 225 համայնքային զարգացման նախաձեռնություն, 160 գյուղական բիզնես և միգրանտների կողմից իրականացվող 150 բիզնես-նախաձեռնություն, առնվազն 500 շահառու կստանա ուսուցում՝ սեփական գործ սկսելու և բիզնեսի կառավարման վերբերյալ: Ընդհանուր թվով ավելի քան 9 000 շահառու կներգրավվի ծրագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումներում:
Կարծիքներ