Բոլոր տարհանվածները տեղավորվում են հյուրանոցներում և հյուրատներում. Արեն Մկրտչյան
Օպերատիվ շտաբ է ձեւավորվել ՏԿԵ նախարարության գլխավորությամբ. Շտաբն աշխատանքները շարունակում է եւ կշարունակվի նաեւ վաղը: Այս մասին «Լուրերին» տված զրույցում նշել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Ամբողջությամբ փլուզվել է Մ6 մայրուղուն կապող Ախթալայի կամուրջը: Ընդհանուր առմամբ շուրջ 10-11 կամուրջներ կամ ամբողջությամբ փլուզվել են, կամ փլուզվել են այնպես, որ ընդհանրապես հնարավոր չէ օգտագործել: Դրա հետեւանքով Մ6-ից ձախ ափին գտնվող 7 բնակավայրերի հետ կապը այս պահին կտրված է: Խոսքը Ախթալա, Մեծ Այրում, փոքր Այրում, Ճոճկան, Շամլուղ, Քարկոպ բնակավայրերի մասին է: Քարկոպն ամբողջությամբ տարհանվել է, 250 բնակիչ, հիմնականում Ախթալա եւ Ճոճկան բնակավայրում: : Այս պահին մոբիլիզացվոել է մեծ ծավալի ծանր տեխնիկա, որպեսզի կարողանանք անցանելի դարձնենք սարամիջյան չգործող ճանապարհը, որ այդ բնակավայրերը կապում է Շամլուղ-Մադան-Ալավերդի հատվածի հետ, որպեսզի Ալավերդուց կարողանանք սնուցումն ապահովել»,-ասաց նա:
Մկրտչյանի խոսքով, Ախթալայի ԲԿ-ն եւ Ճոճկանի բուժամբուլատորիան ամբողջ ծավալով գործում են. «Այս պահին սուր խնդիրներ պարենային, առաջին անհրաժեշտության պարագաների այդդ բնակավայրերում չունենք: Վարչական ղեկավարներից ձեւավորված թիմ է գործում, որը մշտադիտարկում է իրականացնում կարիքների: Աջակողմյան հատվածում կապը կտրված է Հաղպատ, Ծաղկաշատ բնակավայրերի, Շնող-Թեղուտ գյուղական բնակավայրերի եւ Նեղոց գյուղի հետ: Այս մասով երկու լուծում ունենք. Մեկը Ակներ-Հաղպատ հատվածով ծորակներով ճանապարհ ենք կարգի բերում եւ սնուցումն ապահովում, իսկ Շնող-Թեղուտ-Նեղոց հատվածը Տավուշի մարզով Նոյեմբերյան համայնքի կողմից կսնուցվի՝ Արճիս գյուղի կողմից:
Ալավերդի քաղաքում Սանահին կայարան թաղամասում կամուրջը եւս փլուզվել է եւ թաղամասի մի մեսը ամբողջությամբ մնացել է կտրված:Շուրջ 250 բնակիչ ունենք այդ հատվածում: Փրկարարները գետի վրայով անհրաժեշտ տեխնիկական միջոցներ են անցկացրել եւ սնուցում են ապահովում՝ խմելու ջուր, սննդամթերք, առաջին անհրաժեշտության պարագաներ: Հղի կին կա, որը տեղափոխվել է այս ափ, բալիկն առաջիկա օրերին պետք է լույս աշխարհ գա:
Սանահին կայարանում շենքերի առաջին հարկերը 70-80 տոկոսով ջրի տակ է: Նույնը ունենք Թումանյան փողոցի 5-6 շենքերը: Թումանյան փողոցը կիսով չափ ընդհանրապես գոյություն չունի, Դեբեդը ամբողջությամբ քանդուքարափ է արել: Հիմա այս հատվածում քարալցման ժամանակավոր աշխատանքներ են արվել, որպեսզի միակողմանի գոնե երթեւեկելի լինի, որովհետեւ դա քաղաքի կենտրոնական փողոցն է»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:
Նրա խոսքով, բոլոր տարհանված բնակիչներին հյուրատներում, հյուրանոցներում ենք տեղավորում, մի մասը բարեկամների տներում է հանգրվանել: «Այն մարդկանց, որոնք կարիք են ունեցել, բոլորին տեղավորել ենք, դրսում ոչ մի բնակիչ չունենք այս պահի դրությամբ»:
Կարծիքներ