Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք ապահովումը ոչ միայն պետության, այլև յուրաքանչյուրիս պարտականությունն է. ԱՍՀ նախարար
Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր․ այն ևս մեկ հնարավորություն է ընդգծելու, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք ապահովումը ոչ միայն պետության, այլև յուրաքանչյուրիս պարտականությունն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
Ուղերձը՝ ստորև.
«Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում պետությունը շարունակում է հետևողականորեն ներդնել նոր ծրագրեր և բարելավել գործող մեխանիզմները։ Այս նախաձեռնությունների նպատակն է ապահովել այնպիսի միջավայր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան լիարժեք մասնակցել մեր երկրի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական կյանքին, կունենան հնարավորություններ՝ անխոչընդոտ իրացնել իրենց ներուժն ու զարգացնել մասնագիտական կարողությունները։
Այս տեսանկյունից կարևոր եմ համարում ընդգծել, որ խոշոր և փակ տիպի հաստատությունների փոխարեն փոքր խմբային տների ձևավորումը նպաստում է խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացմանը՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող անձանց ապրել համայնքում և լիարժեք մասնակցել համայնքային կյանքին։ Շարունակական աշխատանքներ են իրականացվում նաև անձնական օգնականի ծառայության զարգացման ուղղությամբ, մեր գործունեության օրակարգում է նաև պետական հավաստագրերի միջոցով տրամադրվող աջակցող միջոցների որակական չափանիշների շարունակական բարձրացումը, դրանց ցանկի ընդլայնումն ու թիրախային խմբերի մեծացումը։
Հարգելի՛ քաղաքացիներ,
Պետք է նաև արձանագրենք, որ իրական ներառականությունը ձևավորվում է ոչ միայն պետական քաղաքականությամբ, այլ նաև մեր համատեղ վերաբերմունքով ու պատասխանատվությամբ․ յուրաքանչյուր միջավայր, այդ թվում՝ կազմակերպություն և համայնք պետք է դառնա ավելի բաց և հասանելի՝ հարգելով ու պաշտպանելով հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվությունը։
Շնորհակալություն բոլոր այն անձանց ու կառույցներին, որոնք իրենց աշխատանքով աջակցում են ներառական քաղաքականությունների իրականացմանը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը»,- գրել է Թորոսյանը։


Կարծիքներ