ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը. ԱԳՆ-ն հրապարակել է փաստաթղթի ամբողջական բովանդակությունը

ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը. ԱԳՆ-ն հրապարակել է փաստաթղթի ամբողջական բովանդակությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի ամբողջական բովանդակությունը։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը երկու կողմերի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված կարևոր քայլ է։ Այն կառուցված է ՀԸԳՀ հիմքի վրա՝ սահմանելով հավակնոտ առաջնահերթություններ մի շարք ոլորտներում։ 

Օրակարգն ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի արտացոլումն է և Հայաստանի և ԵՄ-ի կողմից բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու հանձնառության վկայությունը։

Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է նաև Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները և Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը։ ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին և եվրոպական ընտանիքի հետ ինտեգրումը խորացնելու նրա ձգտումը։

Հայաստան-ԵՄ գործընկերությունը գտնվում է առանցքային փուլում։ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգով սահմանվում է ապագայի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը, որում արտացոլվում է տարածաշրջանում կայունությունը, բարեկեցությունը և խաղաղությունն ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը, և որում առկա է շոշափելի արդյունքներ ձեռք բերելու խոստում։ Համատեղ աշխատանքի միջոցով ԵՄ-ն և Հայաստանը կարող են իրականացնել օրակարգում ամրագրված հավակնոտ նպատակները՝ ստեղծելով ավելի բարեկեցիկ և ապահով ապագա բոլորի համար։

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքներին, ինչպես նաև այս ուղղությամբ զգալի առաջընթացը՝ հաշվի առնելով չափազանց բարդ տարածաշրջանային իրավիճակը, որին Հայաստանը ներկայումս առերեսվում է։ Այն բարձր է գնահատում ժողովրդավարական հաստատությունների պատշաճ գործունեությունն ապահովելու Հայաստանի հանձնառությունը՝ ՀԸԳՀ-ն դիտարկելով որպես երկրի արդիականացմանն ուղղված բարեփոխումների պլան։ 

ԵՄ-ն Հայաստանին կօգնի Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգում սահմանված նպատակներն իրագործելու և առաջնահերթություններն իրականացնելու հարցում։ ԵՄ-ն այդ ամենը կապահովի, կիրառելով աջակցության հասանելի բոլոր աղբյուրները, ինչպես նաև փորձը և խորհրդատվությունը, լավագույն գործելակերպը, տեղեկությունների փոխանակումը, կարողությունների զարգացմանն աջակցելը, ինստուտուցիոնալ ամրապնդումը և աջակցության գործիքները։

Առանցքային առաջնահերթություններն են սոցիալ-տնտեսական զարգացումն, առևտրի դիվերսիֆիկացումը, կայունությունը և դիմակայունության բարձրացումն, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերների հասցեագրումը, ինչպես նաև թիրախավորված հիբրիդային և այլ սպառնալիքների վերացումը։

Վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը ևս կարևոր համատեղ առաջնահերթություն է։ Գործընթացի նպատակն է Հայաստանին աջակցել ԵՄ-ում և Շենգենյան գոտու սահմաններում կարճաժամկետ այցերի համար առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանելու հարցում՝ պայմանով, որ ապահովվեն արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության համապատասխան պայմանները

Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել այնպիսի առանցքային ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում, ինչպիսիք են արդարադատությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և օրենքի գերակայունության ապահովումը, խոսքի ազատությունը և ԶԼՄ-ների ազատությունը, ոստիկանության բարեփոխումները և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը (օրինակ՝ ստեղծելով Ներքին գործերի նախարարություն), ինչպես նաև կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, միգրացիայի և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բարեփոխումների իրականացման առումով։

Տնտեսական համագործակցությունն, առևտրի դիվերսիֆիկացումն ու փոխկապակցվածությունը նույնպես օրակարգի առանցքային հենասյուներից են։ Համատեղ գործողությունների միջոցով Հայաստանը և ԵՄ-ն կարող են բացահայտել տնտեսական աճի նոր հնարավորություններ, ստեղծել աշխատատեղեր, բարձրացնել բարեկեցության մակարդակն ու բարելավել բնակչության կյանքի որակը։

Տարածաշրջանի անվտանգային իրավիճակը մնում է անկայուն։ Հայաստան-ԵՄ գործընկերության սույն ռազմավարական օրակարգում, որպես համագործակցության նոր ոլորտ, ներառված են անվտանգությունը և պաշտպանությունը, որոնց նպատակը Հայաստանի դիմակայունությունն, անվտանգությունը և կայունությունը բարձրացնելն է։ Օրինակ՝ 2024 թվականին ԵՄ-ն Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում ընդունել է Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու անդրանիկ միջոցառումը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում