Սաուդյան Արաբիայի կրոնական ոստիկանությունն անգործ է մնացել

Սաուդյան Արաբիայի կրոնական ոստիկանությունն անգործ է մնացել

Ծայրահեղ պահպանողական Սաուդյան Արաբիայում կրոնական ոստիկանությունը ժամանակին սարսափ էր առաջացնում՝  տղամարդկանց եւ կանանց վռնդելով առեւտրի կենտրոններից, որպեսզի նրանք աղոթեն, եւ հայհոյելով բոլոր նրանց, ում տեսնում էին հակառակ սեռի հետ շփվելիս, գրում է AFP-ն:

Իսկ այժմ հասարակական բարոյականության պահապանները մռայլորեն հետեւում են, թե ինչպես են վերջին տարիներին որոշ սոցիալական սահմանափակումներ թուլացել իրենց երկրում, հատկապես՝ կանանց համար, եւ դժգոհում են փոփոխություններից:

«Այն ամենն, ինչ ես պետք է արգելեի, այժմ թույլատրված է, ուստի ես հեռացա»,- AFP-ին ասել է նախկին սպան:

Տխրահռչակ բարոյականության ոստիկանությունը, որը պաշտոնապես Առաքինության խթանման եւ արատավորության կանխարգելման հանձնաժողով է կոչվում, բայց հայտնի է պարզապես որպես մութավա, նախկինում զբաղվում էր իսլամական բարոյական օրենքի պահպանման ապահովմամբ: Դա անբարոյական համարվող ցանկացած գործունեության վերահսկողություն էր ներառում՝ թմրամիջոցների թրաֆիքինգից եւ մաքսանենգությունից սկսած մինչեւ սոցիալական վարքագծի վերահսկողություն, այդ թվում՝ սեռերի խիստ տարանջատում:

Բայց 2016 թվականին ոստիկանությունը երկրորդ պլան մղվեց, երբ նավթով հարուստ արաբական թագավորությունը փորձեց ազատվել իր դաժան եւ ծայրահեղ սեքսիստական ​​կերպարը:

Կանանց իրավունքների որոշ սահմանափակումներ մեղմացվել են՝ թույլ տալով նրանց ավտոմեքենա վարել, տղամարդկանց հետ մասնակցել սպորտային միջոցառումներին եւ համերգներին եւ ստանալ անձնագրեր՝ առանց խնամակալ տղամարդու հաստատման:

Մութավան «զրկվել է իր բոլոր արտոնություններից» եւ «այլևս հստակ դեր չի խաղում,- ասել է 37-ամյա նախկին սպան:- Նախկինում Սաուդյան Արաբիայում հայտնի գլխավոր հեղինակությունն առաքինության քարոզչության հանձնաժողովն էր: Այսօր ամենակարեւորը Ժամանցի գլխավոր տնօրինությունն է»,- հեգնանքով հավելել է նա։

Նա նկատի ուներ պետական ​​գործակալությանը, որը միջոցառումներ է կազմակերպում, այդ թվում՝ կանադացի փոփ աստղ Ջասթին Բիբերի ելույթը Սաուդյան Արաբիայի Գրան պրիում անցյալ տարի եւ էլեկտրոնային երաժշտության քառօրյա փառատոնը։

Տասնամյակներ շարունակ մութավայի գործակալները ճնշում էին այն կանանց, ովքեր պատշաճ կերպով աբայա չէին կրում:

Այժմ կանոնները թուլացել են, տղամարդկանց եւ կանանց միջեւ շփումն ավելի տարածված է դարձել, եւ բիզնեսներն այլեւս ստիպված չեն փակվել ամենօրյա հինգ աղոթքների ժամանակ:

Մութավայի մեկ այլ նախկին գործակալ նշել է, որ հաստատությունը, որտեղ նա աշխատել է տասը տարի, իրականում «այլեււս գոյություն չունի»: Նրա խոսքով՝ այն սպաները, որոնք մնացել են, դա անում են «միայն աշխատավարձի պատճառով»։ «Մենք այլեւս իրավունք չունենք միջամտելու կամ փոխելու ոչ պատշաճ համարվող վարքագիծը»,- հավելել է նա:

Գրող Սաուդ ալ-Քաթիբի համար մութավայի ուժի նվազումն «զգալի եւ արմատական ​​փոփոխություն» է իրենից ներկայացնում:

Շատ սովորական սաուդցիներ, ինչպիսին Լաման է՝ կին, որը ծխում Էր մայրաքաղաքի կենտրոնում, ասում են, որ գործակալներին չեն կարոտում: «Մի քանի տարի առաջ մենք չէինք կարող պատկերացնել, որ կծխենք դրսում»,- ասել է Լաման՝ բացելով իր թափվող աբայան՝ տակի հագուստը ցույց տալու համար:- Նրանք  փայտերով կծեծեին մեզ»:

Փողոցներում պարեկելու փոխարեն մութավայի գործակալներն այժմ իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են իրենց գրասեղանների մոտ՝ բարոյականության կամ առողջապահական միջոցառումների մասին տեղեկատվական արշավներ մշակելով:

Մութավան այժմ «մեկուսացված է», ասել է Սաուդյան Արաբիայի մի պաշտոնյա, ով խնդրեց անանուն մնալ, նշելով «դրա անձնակազմի թվի զգալի կրճատումը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում