Վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսի նոր դեպքերի թվի մեծ արագությամբ աճ. փոխնախարար
Հայաստանում վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի թվի մեծ արագությամբ աճ:
Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ԱԺ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանի հարցին:
Արթուր Ղազինյանը հետաքրքրվեց, թե շուտով արդեն ուժի մեջ մտնող՝ հանրային վայրեր մուտքի համար պատվաստման կամ թեստի վկայագրի պահանջի սահմանումից առաջ արդյոք արվե՞լ է տնտեսության վրա ազդեցության գնահատում, թե ինչպիսի ազդեցություն կունենա հատկապես փոքր ու միջին բիզնեսի վրա: Նա նաև նկատեց, որ նոր դեպքերի թվի նվազում է նկատվում, ինչո՞ւ է այդ որոշումը հիմա կայացվում:
«Ցավոք, պետք է նշեմ, որ նվազ թվերն այլևս չեն պահպանվում: Վերջին օրերի վիճակագրությանը հետևելիս կտեսնեք, որ բավականին մեծ արագությամբ աճ է նկատվում: Եվ ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում, եվրոպական երկրներում՝ կապված նոր շտամի հետ, որը շատ ավելի մեծ վարակելիություն ունի, շատ ավելի արագ, քան մյուս շտամները, տարածվում է բնակչության շրջանում և ավելի վտանգավոր է չպատվաստվածների համար»,-ասաց Նանուշյանը:
Նախարարությունը կարծում է, որ մուտքի պահանջին վերաբերող կարգավորումը ժամանակին է հաստատված, ժամանակավրեպ չէ և նպաստելու է քաղաքացիների շրջանում ոչ միայն պատվաստումների ընդհանուր թվաքանակի բարձրացմանը, այլև ավելի անվտանգ միջավայրեր ունենալուն այն բոլոր վայրերում, որոնք նշված են նախարարի հրամանում:
Իսկ ինչ վերաբերում է տնտեսական գնահատականին, ապա փոխնախարարն ասաց. «Կորոնավիրուսային հիվանդության տարածումը վերջին 2 տարիներին ցույց տվեց, թե բոլոր երկրների տնտեսությունների վրա ինչպիսի բացասական ազդեցություն է ունենում: Նույնիսկ մինչև հիմա երկրներ կան, որոնք դիմում են խիստ սահմանափակումների, լոքդաունների»:
Ղազինյանը նկատեց, որ մարդկանց ավելի մեծ կուտակումներ են լինում հանրային տրանսպորտում, սակայն վերջինս ներառված չէ նախարարի հրամանով սահմանված ցանկում:
«Մենք աստիճանաբար ենք սահմանում կարգավորումներ, որպեսզի և, մի կողմից, պաշտպանենք բնակչության առողջությունը, և մեծ ազդեցություն չունենանք տնտեսության զարգացման վրա: Մենք գնահատում ենք, որ հանրային տրանսպորտից հիմնական օգտվող անձինք այն մարդիկ են, որոնք աշխատանքի են գնում կամ նույն մշակութային կյանքին են մասնակցում, հանրային սննդի վայրեր են այցելում: Եվ, եթե մենք այդ վայրերում սահմանում ենք կարգավորումներ, ապա հանրային տրանսպորտի նաև անվտանգության հարցը, ինչպես նաև դիմակի կրման պարտադիր պահանջը նպաստում են վարակման ռիսկի նվազմանը»,-ասաց Նանուշյանը:
Նա կրկին շեշտեց՝ պատվաստման առկայությունն անձի մոտ բավականին նվազեցնում է վարակման հավանականությունը: Նոր շտամների ի հայտ գալու հետ կապված՝ պատվաստումների արդյունավետությունը նվազում է, բայց, միևնույն է, առկա է, գործում է: Պատվաստված մարդիկ ավելի քիչ են վարակվում, քան չպատվաստվածները:
Հայաստանում հունվարի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 563 նոր դեպք, արձանագրվել է մահվան 3 դեպք:
Կարծիքներ