Ինչ 3 սկզբունք է ընկած Խաղաղության պայմանագրի հիմքում. վարչապետը մանրամասնել է

Ինչ 3 սկզբունք է ընկած Խաղաղության պայմանագրի հիմքում. վարչապետը մանրամասնել է

The Wall Street Journal-ի թղթակցի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ երեք սկզբունքներ են ընկած Խաղաղության պայմանագրի հիմքում:

Առաջին սկզբունքն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Այս դրույթը տեղ է գտել Պրահայի հանդիպման ժամանակ և արդեն 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ևս մի քայլ է արվել և արձանագրվել, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը:

Երկրորդ սկզբունքը, ըստ վարչապետի, Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացն է:

«Այն պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Իսկ ի՞նչն է դրա առանձնահատկությունը: Դրա առանձնահատկությունն այն է, որ ստորագրման պահին Խորհրդային Միության երկրներն արդեն փաստացի անկախ երկրներ էին դառնում կամ դարձել էին, և Ալմա-Աթայի հռչակագրով նրանք արձանագրեցին, որ ճանաչում են գոյություն ունեցող խորհրդային ադմինիստրատիվ սահմանները հանրապետությունների միջև՝ որպես պետական սահմաններ, ճանաչում են այդ սահմանների անխախտելիությունը և տարածքային ամբողջականությունը: Երբ ասում ենք, որ սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, նկատի է առնվում, որ այդ ժամանակներում գոյություն ունեցած պետական քարտեզները պետք է վերցվեն, և դրանք, ըստ էության, պետք է սահմանների դելիմիտացիայի վերահաստատման հիմք դառնան»,- ասել է վարչապետը:

Երրորդ սկզբունքը տարածաշրջանի կոմունիկացիաների բացումն է, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ճանապարհների, երկաթուղիների բացումը միմյանց և միջազգային առևտրի համար:

«Այն պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սուվերենության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: Ահա այս սկզբունքները գործնականում պայմանավորված են, և մնում է այդ պայմանավորված սկզբունքների հիման վրա ստորագրել խաղաղության պայմանագիր ու գնալ առաջ:

Եվ, իհարկե, մենք առաջիկայում սպասում ենք, նախնական պայմանավորվածություն կա, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում կունենանք եռակողմ հանդիպում: Հույս ունեմ՝ այդ հանդիպման ընթացքում այս պայմանավորվածությունները կվերահաստատվեն, ինչը կնշանակի խաղաղության պայմանագրի համար անհրաժեշտ պայմանավորվածությունների մոտ 70 տոկոսը ձեռք բերված է: Եվ կմնա այդ սկզբունքները դնել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ»,- ասել է Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում