ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը 4 մլն դրամով տուգանել է «Արծափ Գրուպ» ընկերությանը
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցման ռեեստրում չգրանցված և ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացություններ չունեցող արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող գազի շարժական լցավորման կայաներ շահագործելու համար 4 մլն դրամով տուգանել է «Արծափ Գրուպ» ընկերությանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից։
«01․07․2022 թվականին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին է մուտքագրվել ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող թիվ 50157521 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 30․12․2021 թվականի որոշումը։ Նշված որոշման ուսումնասիրությունից պարզվել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել և ապացուցվել է, որ «Արծափ Գրուպ» ՍՊ ընկերությունը, «ZIL 130» մակնիշի 36 RL 469 հաշվառման համարանիշի և «ZIL 130» մակնիշի 35 FU 141 հաշվառման համարանիշի ավտոմեքենաների վրա տեղադրել է գազաբալոնային համակարգեր և 2020 թվականի հունվարի 10-ից իրականացնում է սեղմված բնական գազի մանրածախ վաճառք՝ շահագործելով արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող շարժական լցավորման կայաներ, որոնք գրանցված չեն արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցման ռեեստրում և չունեն ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացություններ։
Արդյունքում խախտվել են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» և «ժդ» կետերի պահանջները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տեսչական մարմնից հայտնում են, որ վերոգրյալի հիման վրա՝ «Արծափ Գրուպ» ՍՊ ընկերությունը՝ արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող շարժական թվով 2 գազալցակայանները արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման չներկայացնելու իրավախախտման մասով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրի համար 1 մլն ՀՀ դրամ գումարի չափով, ինչպես նաև՝ թվով 2 արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելու իրավախախտման մասով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրի համար 1 մլն ՀՀ դրամ գումարի չափով՝ ընդհանուր՝ 4 մլն ՀՀ դրամ գումարի չափով:
Կարծիքներ