Հայաստանի ներկայացուցիչը դարձել է միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթող

Հայաստանի ներկայացուցիչը դարձել է միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթող

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայի կազմկոմիտեն առցանց մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է օլիմպիադայի հաղթողների անունները:

Առաջին մրցանակակիր է դարձել Հայաստանը ներկայացնող 23-ամյա Ժաննա Խոջայանը, որը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի է: Նա սովորում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտում և աշխատում է այդ կազմակերպությունում որպես ճարտարագետ։

Օլիմպիադային մասնակցել է 436 մասնակից 13 երկրից՝ Հայաստան, ԱՄԷ, ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Եգիպտոս, Պերու, Ռուսաստան, Սերբիա, Վիետնամ և Ուկրաինա: Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվել է մասնակից բոլոր երկրներում միաժամանակ` ստուգարքի ձևով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը, ներառել է ճարտարագիտական բարդագույն խնդիրներ, որոնք պահանջում են համապարփակ լուծումներ: Առաջին փուլին մասնակցած 436 մասնակիցներից 21-ն անցել են եզրափակիչ փուլ, որոնցից 6-ը եղել են ՀՀ-ից: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են Եգիպտոսի, Սերբիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչները:

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը։

«Օլիմպիադայի նպատակներից մեկը Հայաստանի՝ որպես միկրոէլեկտրոնիկայի ոլորտի առաջատար երկրի ճանաչելիության բարձրացումն է: Ոգևորիչ է տեսնել, որ Հայաստանը շարունակում է պահպանել և զարգացնել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում դեռևս անցյալ դարի կեսերին ձևավորած առաջատարության և գերազանցության ավանդույթները»,- ասել է օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը։

«Օլիմպիադայի հիմնական նպատակն է բացահայտել մինչև 30 տարեկան առավել տաղանդավոր ճարտարագետներին և մեծացնել հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի ոլորտի նկատմամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ մասնակից երկրներում: Այն փաստը, որ Պոլիտեխնիկի հետ համատեղ իրականացվող «Սինոփսիսի» կրթական ծրագրի ուսանողուհին ճանաչվել է լավագույնը 436 մասնակիցների մեջ, վկայում է միկրոէլեկտրոնիկայի ոլորտում մեր կրթական ծրագրերի միջազգային որակի և գերարդիական լինելու մասին»,- ընդգծել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը:

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան անցկացվում է 2006-ից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում