Գեղարքունիքի մարզում կներդրվի «Վերականգնվող էներգիայի հասանելիություն Հայաստանի միկրոձեռնարկությունների համար» նոր նախագիծը
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում ընդունել է ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի` սննդի արժեշղթաների ծրագրերի» համակարգող, Վանաձորի ենթագրասենյակի ղեկավար Վահան Առաքելյանին, որի ընթացքում խոսվել է Գեղարքունիքի մարզում «Վերականգնվող էներգիայի հասանելիություն Հայաստանի միկրոձեռնարկությունների համար» նոր նախագծի ներդրման մասին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում Վահան Առաքելյանը խոսել է այն ծրագրերի մասին, որոնք իրականացվում են հանրապետության տարբեր մարզերում եւ առաջիկայում կներդրվեն նաեւ Գեղարքունիքում:
Անդրադառնալով այցի բուն նպատակին՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչը հանգամանալից ներկայացրել է «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից իրականացվող «Վերականգնվող էներգիայի հասանելիություն Հայաստանի միկրոձեռնարկությունների համար» նոր նախագիծը, որի մեկնարկը Գեղարքունիքի մարզում նախատեսվում է տալ առաջիկա օրերի ընթացքում:
«Ծրագիրը սննդի արտադրության ոլորտում գործող միկրոձեռնարկություններին հնարավորություն է տալու արեւային կայաններ տեղադրելու համար ստանալ 30 տոկոս սուբսիդավորում: Արեւային կայան ստացող միկրոձեռնարկությունը որպես կանխավճար պետք է վճարի արեւային կայանի արժեքի ընդամենը 10 տոկոսը: Արժեքի մնացած 60 տոկոսը միկրոձեռնարկությունը կվճարի մաս առ մաս՝ 5 տարվա ընթացքում: Իրականացվող նախագիծը կնպաստի ձեռնարկությունների արտադրողականության եւ եկամտի աճին: Ծրագրի առաջնահերթությունը հավասար հնարավորությունների ստեղծումն է այն միկրոձեռնարկությունների համար, որոնք փորձում են միջոցներ գտնել էներգետիկ ծախսերը նվազեցնելու համար»,- նշել է Վահան Առաքելյանը:
Ծրագրին կարող են դիմել նաեւ այն ձեռնարկությունները, որոնք ղեկավարվում են կնոջ, երիտասարդների, միայնակ ծնողի, հաշմանդամություն ունեցող անձի կողմից, այն գտնվում է գյուղական վայրում կամ Հայաստանում արտադրում է ոչ ավանդական սննդատեսակներ: Միկրոձեռնարկության աշխատակիցների թիվը չպետք է գերազանցի 10-ը:
ՄԱԿ-ի այս նախաձեռնության տեսլականն է՝ արեւային կայանները հասանելի դարձնել փոքր ձեռնարկությունների համար:
«ՊՀԾ-ի աջակցությամբ Հայաստանի 51 դպրոցներում արդեն իսկ տեղադրվել են արեւային կայաններ, ինչի շնորհիվ նվազել են կրթական հաստատությունների էլեկտրաէներգիայի ծախսերը՝ օգնելով նրանց խնայողություններ կատարել եւ հոգալ դպրոցի այլ կարիքները»,- ասել է Վահան Առաքելյանը:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունել է ՄԱԿ-ի՝ մարզում նման ծրագրի ներդրման գաղափարը եւ պատրաստակամություն հայտնել՝ աջակցելու մարզից ծրագրի շահառուների հետ քննարկումների կազմակերպման, տեղեկատվության տարածման եւ այլ հարցերում:
Այնուհետև կողմերն անդրադարձել են նույն ծրագրի միջոցով «Դպրոցամերձ գյուղատնտեսություն» ստեղծելու նախաձեռնությանը: Վահան Առաքելյանը հավաստել է, որ հաջորդ տարի այդ գաղափարը կներդրվի նաեւ Գեղարքունիքի մարզի այն դպրոցներում, որոնք օգտվում են ՄԱԿ-ի «Դպրոցական սնունդ» ծրագրից:
Կարծիքներ