ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալն այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալն այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա՝ տեղում ծանոթանալու ատեստավորման գործընթացի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Կամո Ցուցուլյանը՝ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանի և ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանի ուղեկցությամբ եղել է տեխնիկական սարքավորումներով հագեցած և հատուկ կահավորված այն լսարանում, որտեղ նախատեսվում է հոկտեմբերի 23-ից անցկացնել ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ծառայողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճար հաշվարկելու նպատակով փրկարարական ծառայողների կամավոր ատեստավորման գործընթացը։

«Տնօրենը ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարողին տվեց հստակ հանձնարարականներ և ցուցումներ՝ ատեստավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ։

Այնուհետև ՓԾ տնօրենը շրջայց կատարեց ակադեմիայի տարածքում, ծանոթացավ ուսումնական հաստատության լսարանային պայմաններին, գրադարանին, ՏՏ լաբորատորիային և նյութատեխնիկական հագեցվածությանը, կրթական և վերապատրաստման ծրագրերին, աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին, հետևեց դասապրոցեսին, զրուցեց պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Արմինե Հայրապետյանը ՓԾ տնօրենին ներկայացրեց ոլորտին առնչվող, ՃԿՊԱ գրադարանում առկա հարուստ մասնագիտական գրականությունը, որն անընդհատ թարմացվում և լրացվում է:

Նշվում է, որ տնօրենը նշել է մասնագիտական ոլորտում կրթության նորարարական մեթոդների ներդրման և կիրառման անհրաժեշտությունը, ինչպես նաև ցանկացած խնդրին անհատական լուծում տալու պատրաստակամություն հայտնեց։

Փրկարար ծառայության տնօրենը նաև եղել է ակադեմիայի գույքի և տեխնիկայի պահպանման պահեստներում, ծանոթացել գործնական պարապմունքների համար առկա տեխնիկական միջոցներին և դասընթացների անցկացման հնարավորությունների ամբողջ շրջանակին, տվել մի շարք հանձնարարականներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում