Հաստատվել է կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը։
Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում ներկայում կարգավորված չեն հայկական ֆիլմերի վիճակագրական հաշվառման և պահպանության մեխանիզմները, հետևաբար չի գործում մեկ միասնական տեղեկատվական հարթակ, որտեղ հավաքագրված կլինի հայկական արտադրության ֆիլմերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը: Միաժամանակ, ազգային ֆիլմերի պահպանությունը, հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների պաշտպանությունը և կինոժառանգության հանրային օգտագործումը կազմակերպելու համար ազգային ֆիլմի փաստաթղթերը պետք է հանձնվեն մշտական պահպանության՝ Ազգային մարմին և ՀՀ ազգային արխիվ: Այս գործընթացը ևս ներկայում չի իրականացվում, ինչը ռիսկային է հայկական ֆիլմերի պահպանման, հեղինակային և հարակից իրավունքների կարգավորման տեսանկյունից:
Կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու գործընթացի կարգավորումն առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև ազգային ֆիլմերի պահպանման մեխանիզմների կարգավորման անհրաժեշտությունից:
Կարգով սահմանվել է՝ կինոռեեստրը ազգային ֆիլմերի վիճակագրական հաշվառումը կազմակերպելու նպատակով ստեղծված տվյալների հիմնապահոց է: Կինոռեեստրը ստեղծում և դրա հետագա վարումն իրականացնում է մշակութային հիմնադրամը՝ էլեկտրոնային եղանակով։ Կինոռեեստրում գրանցվում են ազգային ֆիլմերի, դրանց ստեղծագործական խմբի անդամների ու ֆիլմարտադրողների մասին տվյալները:
Կինոռեեստրը բաղկացած է չորս բաժնից՝ խաղարկային, վավերագրական, անիմացիոն և այլ: Կինոռեեստրի բաժիններից յուրաքանչյուրը բաղկացած է երկու ենթաբաժնից՝ լիամետրաժ և կարճամետրաժ:
Կարգով սահմանվել է նաև, թե ինչպիսի բովանդակություն է ներառում կինոռեեստրը՝ ֆիլմի ժանրից, արտադրության երկրից մինչև ցուցադրություններ, մրցանակներ և այլն։
Կինոռեեստրում առկա տեղեկատվությունը բաց է և հասանելի ցանկացած շահագրգիռ անձի համար՝ մշակութային հիմնադրամի կայքում։
Ազգային ֆիլմի պահպանությունը, հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների պաշտպանությունը և կինոժառանգության հանրային օգտագործումը կազմակերպելու նպատակով ազգային ֆիլմի փաստաթղթերը, այդ թվում՝ ֆիլմի հիմնանյութերն ու ֆիլմի բնօրինակը հանձնվում են մշտական պահպանության՝ մշակութային հիմնադրամին, որը փաստաթղթերի պատճենները հանձնում է Հայաստանի ազգային արխիվ:
Ազգային ֆիլմ է համարվում կինոթատրոնում ցուցադրելու համար նախատեսված այն ֆիլմը, որը բավարարում է կարգով սահմանված պայմանները, այն է՝ ֆիլմի ստեղծագործական խմբի մեծամասնությունը ՀՀ քաղաքացի է, ֆիլմի սցենարի հեղինակը և (կամ) բեմադրող ռեժիսորը ՀՀ քաղաքացի է, ինչպես նաև ֆիլմարտադրությանը մասնակցում է ՀՀ-ում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրողը։ Ազգային ֆիլմեր են համարվում նաև այն ֆիլմերը, որոնց գույքային իրավունքները ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը։
Կարծիքներ