ԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիայի համար
ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է Թուրքիային ամերիկյան սպառազինության եւ ռազմատեխնիկայի մատակարարումը: Ուրբաթ դա հաստատել է ռազմաքաղաքական գործերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կլարկ Կուպերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այո, Կոնգրեսը կասեցնում է Թուրքիային [զենքի] վաճառքները»,-լակոնիկ ասել է Կուպերը: Այդ թեմայի շուրջ նա ուրիշ մեկնաբանություն չի արել:
Օգոստոսին Defense News ամերիկյան շաբաթաթերթը հաղորդել էր, որ ԱՄՆ իշխանության օրենսդրական ճյուղն արդեն գրեթե երկու տարի արգելափակում է Վաշինգտոնի կողմից Անկարային զենք եւ ռազմատեխնիկա վաճառելու վերաբերյալ բոլոր խոշոր պայմանագրերը: Կոնգրեսի անդամներն արել են այդ քայլը՝ փորձելով լրացուցիչ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի ստիպեն հրաժարվել Ռուսաստանից ավելի վաղ ձեռքբերված Ս-400 զենիթահրթիռային համակարգերից, ասվում է հրապարակման մեջ:
Ռուսաստանն ու Թուրքիան պայմանագիր են կնքել Մոսկվայի կողմից Անկարային Ս-400 համալիրներ մատակարարելու մասին 2017 թվականին: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն էր, որ Ռուսաստանից ձեռք էր բերել այդ համակարգերը: Անկարայի որոշումը խիստ բացասական արձագանք էր առաջացրել ԱՄՆ-ի եւ միության անդամների շրջանում: Միացյալ Նահանգները չեն դադարում փորձեր կատարել, որպեսզի ստիպեն Թուրքիային հրաժարվել ռուսական զենիթահրթիռային համակարգերից: Այն կապակցությամբ, որ Թուրքիան չի տրվում ճնշման եւ չի հրաժարվում Ս-400-ից, Վաշինգտոնը բացառել է Անկարային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ամերիկյան ծրագրից: Բացի այդ, ԱՄՆ-ը սպառնում է Թուրքիային սահմանել մի շարք պատժամիջոցներ Ս-400-ը ձեռքբերելու առնչությամբ, սակայն չեն շտապում կյանքի կոչել այդ քայլը, քանի որ խուսափում են ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների հետագա լարվածությունից, իսկ Անկարան նախազգուշացնում է, որ այդպիսի սահմանափակումների կիրառումն անպատասխան չի թողնի:
Հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նշել է, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել Ս-400-ից՝ չնայած ԱՄՆ-ի ճնշումներին: Նա նաեւ մերժել է պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներն ու առաջարկել ԱՄՆ-ին վերջապես դադարել սպառնալ դրանցով Թուրքիային եւ փորձել իրականացնել դրանք:
Կարծիքներ