Արամ Խաչատրյանի անվան մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել արդեն կայացած դիրիժորներ
Ավանդույթի համաձայն՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, կոմպոզիտորի անվան համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի անվան մրցույթը, որի պաշտոնական նվագախումբը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը հիշեցրեց, որ մրցույթն անցկացվում է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն», «վոկալ» մասնագիտություններով: Մրցույթի ամբողջ պատմության ընթացքում երկրորդ անգամ այն անցկացվում է դիրիժորություն մասնագիտությամբ:
Թովմասյանը նշեց՝ այս տարի մրցույթի հանդեպ հետաքրքրությունը մեծ է: «Կային մեծ թվով դիմորդներ. մինչև մայիսի 10-ը ընդունում էինք մրցույթի մասնակցության հայտերն աշխարհի գրեթե բոլոր երկրներից: Մայիսի 10-ից հետո ավարտվեց նախընտրական փուլը, որի ընթացքում դիմորդները ներկայացնում էին իրենց ձայնագրությունները և ինքնակենսագրականները: Կար նախընտրական ժյուրի, որը տարբերվում էր ժյուրիի հիմնական կազմից, սակայն ևս միջազգային էր: Մայիսի 15-ին պաշտոնապես բոլոր հնարավոր խողովակներով հայտարարվեց ընտրված 20 մասնակցի անունը»,-պատմեց մրցույթի գործադիր տնօրենն ու հավելեց, որ ի սկզբանե պետք է ընտրվեր 18 մասնակից, բայց դիմորդներն այնքան տաղանդավոր են, որ նախընտրական փուլը հաղթահարել է 20 անձ:
Թովմասյանի խոսքով՝ ծանոթանալով մասնակիցների կենսագրական տվյալներին՝ արձանագրել են, որ նրանցից շատերն արդեն իսկ լուրջ քայլեր են կատարել, հաջողություններ ունեցել. կան մասնակիցներ, որոնք աշխարհահռչակ դիրիժորների աշակերտներ են եղել, մասնակիցներից ոմանք էլ ղեկավարում են նվագախմբեր: Այնպես որ՝ պայքարն առաջին տեղի համար խոստանում է թեժ լինել։
«Մրցույթին մասնակցում են մինչև 36 տարեկան դիրիժորներ: Շատերին էր հետաքրքրում, թե ինչու է այդպես: Հիշեցրինք, որ մրցույթի հիմնական նպատակը նոր անուններ բացահայտելն է: Այս տարիքային շեմը երաժշտի և ընդհանրապես մասնագետի կայացման, ինքնադրսևորման լավագույն շրջանն է: Նոր անուններ կբացահայտվեն, որոնք հնարավորություն կտան հանրահռչակել Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները և Հայաստանի անունը աշխարհի քարտեզի վրա ավելի տեսանելի ու նշմարելի կդարձնեն»,-շեշտեց Թովմասյանը:
Նա տեղեկացրեց, որ մրցույթին երկու հայ դիրիժոր է մասնակցում, որոնցից մեկը ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը, մյուսը Հայաստանի հետ զուգահեռաբար՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը:
Ծրագրում, ի թիվս այլ գործերի, ներառվել են Սպարտակի և Ֆրիգիայի ադաջիոն Խաչատրյանի «Սպարտակ» բալետից և Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան: Մասնակիցները հնարավորություն կունենան կատարել նաև հայ ժամանակակից կոմպոզիտորներից մեկի ստեղծագործությունը:
Դիրիժորության մրցույթը կկայանա երկու փուլով: Հունիսի 6-ին տեղի կունենա բացման գալահամերգը, որից հետո յուրաքանչյուր օր կընթանան փորձերը, իսկ երեկոյան հիմնական լսումները կլինեն։ Հունիսի 12-ին մրցույթը կեզրափակվի գալահամերգով ու մրցանակաբաշխությամբ: Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով մրցանակ: Կլինեն նաև պատվոգրեր, հատուկ մրցանակներ:
Մրցույթի ժյուրին կնախագահի Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը: Ժյուրիի կազմում են բարձրակարգ մասնագետներ աշխարհի տարբեր ծայրերից:
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով է՜լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը:
Անժելա Համբարձումյան
Կարծիքներ