Որևէ տեղ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր. ԳՇ պետի առաջին տեղակալն անդրադարձավ Սոթքի միջադեպին
ՀՀ Զինված ուժերը Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը իրականացնում են պետական սահմանի` նախկինում գոյություն ունեցող եզրագծով և որևէ վայրում հայկական կողմը չունի սահմանից հետ տեղադրված դիրքեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը` անդրադառնալով Սոթքում նոյեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպին:
«Ըստ պայմանավորվածության՝ հայկական Զինված ուժերը և տարածքի ազգաբնակչությունը պետք է Քարվաճառի շրջանից նոյեմբերի 25-ին ամբողջությամբ դուրս եկած լինեին, որն իրականացվել է: Զորքերի հետ կապված աշխատանքներն իրականացվել են, դրանք իրականացվել են նախապես պլանավորված բնույթով և ճշգրիտ ժամանակացույցով: Լուրեր տարածվեցին, թե ադրբեջանցիներն անցել են հայկական տարածք, մտել են ադմինիստրատիվ կառույցներ, գրավել են, հայտարարություններ հնչեցին, թե Սոթքի ոսկու հանքավայրում այլևս ոչ մեկը չի աշխատելու: Մեր կողմից կարող է ասվել, հաստատվել, որ այդպիսի հարցեր չեն առաջացել, նման իրավիճակ չի եղել»,- ասաց Խաչատրյանը:
Գեներալ-լեյտենանտը հավելեց, որ հանքը շահագործող ռուսական Գեոպրոմայնինգ ընկերության կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ՝ տվյալ տարածքի պաշտպանության համար:
«Պետական սահմանից հանքի եզրագծով ցանկապատվել էր, իսկ ճանապարհի վրա տեղադրվել էր անցակետ: Սա կատարվել է ռուսական կողմի ուժերով ու իրենց անվտանգության խնդիրները լուծելու պայմաններից ելնելով: Այդ խնդրի կատարման մեջ մեր Զինված ուժերը ընդգրկվածություն չի ունեցել: Ադրբեջանական զորքերը Քարվաճառի տարածք մտնելուց հետո, հանդիպելով այդ արգելափակոցներին, ուղեփակոցին, խնդիր են բարձրացրել, որ դա իրենց տարածքն է ու այդ տարածքից, այն ուժերը, որոնք պահպանություն են իրականացնում, պետք է դուրս գան»,- նշեց գեներալ-լեյտենանտը` հավելելով, որ հայկական կողմը տեղեկացրել է ռուսական կողմին, այնուհետև ռուսական կողմը պահպանության գոտուց դուրս է բերել համապատասխան անձնակազմը:
Տիրան Խաչատրյանը նշեց, որ Քարվաճառ տանող ճանապարհին տեղադրված ուղեփակոցը, անցակետը եղել են ռուսական, տեղադրված է եղել դրա մոտակայքում նաև կառույց, որտեղ պետք է բնակվեին այնտեղ ծառայություն իրականացնող անձինք:
«Դա ներկայացվել է, որպես վարչական շենք, որը նույնականացվել է հանքի շահագործման տարածքի ու կառույցների հետ: Դա այդպես չէ: Հանքի տարածքում շահագործման հետ կապված տարածքի ու շինությունների հետ կապ չունի: Մեր զորքերը սահմանի պաշտպանությունը զբաղեցնում են մեր պետական սահմանի` նախկինում գոյություն ունեցող եզրագծով: Որևէ տեղ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր»,- ասաց Խաչատրյանը:
Կարծիքներ