Ժամանակն է Հայաստանի հետ սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը. ԵԽ բանաձևն ընդունվել է 504 կողմ ձայնով

Ժամանակն է Հայաստանի հետ սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը. ԵԽ բանաձևն ընդունվել է 504 կողմ ձայնով

Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտեցման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձևն ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով, հայտնում է «Արմենպրես»-ը։ 

Բանաձևում Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ողջունում և ընդունում են ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելուն միտված Հայաստանի վճռական ցանկությունը և կոչ անում Եվրամիության գործադիր մարմիններ Եվրոպական Հանձնաժողովին և Եվրոպական խորհրդին՝ դրական արձագանքել այս ցանկությանը և շարունակել իրականացնել ԵՄ-Հայաստան գործընկերության նոր համաձայնեցված օրակարգը՝ ընդգծելով համագործակցության հավակնոտ համատեղ առաջնահերթությունների ակտիվ հետապնդման անհրաժեշտությունը։ Բանաձևում նշված է, որ ժամանակն է Հայաստանի հետ սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը։

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։ Եվրախորհրդարանականները համոզված են, որ եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալով և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար։

ԵԽ պատգամավորներն ընդունված բանաձևով ԵՄ գործադիրին կոչ են անում ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության մեծացման հարցում, ոչ միայն տնտեսական գործընկերության, այլև քաղաքական երկխոսության, ոլորտային ինտեգրման և անվտանգության ոլորտում համագործակցութան հարցում։

Բանաձևը դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և դրա որոշ հատվածների շարունակվող օկուպացիան, ինչպես նաև վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից դուրս բերելու իր պահանջը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնում Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող հայտարարությունների, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող արտաքին միջանցք պահանջելու վերաբերյալ։ Բանաձևը շեշտադրում է, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը պետք է լուծվի՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ևս մեկ անգամ վերահաստատում ԵՄ-ի միանշականակ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը։

Բանաձևն ընդգծում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։

Բանաձևն անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պահպանման կարեւորությանը և լուրջ մտահոգություն հայտնում այդ ամենի ոչնչացման, վանդալիզմի ենթարկվելու և պղծվելու առնչությամբ։ Ադրբեջանին կոչ է արվում պահպանել մշակութային այդ հարստությունը, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու և պաշտպանելու համար։

Բանաձևն Ադրբեջանին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հայերի հետ անկեղծորեն ներգրավվել համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգումը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, արժանապատիվ և անվտանգ վերադարձն իրենց տներ՝ միջազգային ներկայության ներքո։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բոլոր բնակիչներին, ովքեր շարունակում են ադրբեջանական կալանքի տակ մնալ։ Ինչպես նաև կոչ է արվում անհապաղ և արդյունավետ կերպով իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի բոլոր որոշումները։

Հիշեցնելով, որ Հայաստանը վերանայում է ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը, բանաձևը կոչ է անում ԵՄ-ին դրական արձագանքել Հայաստանի  Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով իրեն աջակցությունն ցուցաբարելու խնդրանքին։ Բանաձևում շեշտադրվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ ԵՄ համագործակցության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը։

Բանաձևը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, սահմանների սահմանազատման վրա՝ հիմնված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի համապատասխան քարտեզների վրա, որոնք տրամադրվել են կողմերին։  

Բանաձևն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր առկախ հարցերի շուրջ բանակցությունների վերսկսմանը` նպատակ ունենալով կնքել խաղաղության պայմանագիր և կոչ է անում երկու կողմերին լիովին հավատարիմ մնալ հիմնախնդրի տևական և խաղաղ կարգավորմանը երկխոսության և բանակցությունների միջոցով հասնելուն։  

Բանաձևում անդրադարձ կա նաև ԵՄ որոշ պաշտոնյաների և կառույցների հայտարարությունների տոնայնությանը, որոնք շնորհավորում էին նախագահ Ալիևին վերընտրվելու համար՝ չհիշատակելով Ադրբեջանում ժողովրդավարության բացակայությունը, հատկապես, որ Ադրբեջանը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման համար։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում