Ակնառու է, որ տապալվել է նաև ինտելեկտուալ Հայաստանը. Արման Բաբաջանյան

Ակնառու է, որ տապալվել է նաև ինտելեկտուալ Հայաստանը. Արման Բաբաջանյան

Հայաստանը նախկին-ներկա հասարակական-քաղաքական ծուղակից դուրս բերելու համար պահանջվում է ինտելեկտուալ շոշափելի ռեսուրս: Հանրությունը շատ է տեսել հռչակագրեր, հավաստիացումներ, երդումներ և այժմ գնալու է միայն գործի, մասնակցային գործընթացի հետևից, որը ենթադրելու է ոչ թե փակ փողոց կամ հրապարակ, ոչ թե երթ կամ ցույց, այլ շատ կոնկրետ քայլեր:

Այս տեսանկյունից, երբ խոսում ենք թավշյա հեղափոխությունից հետո քաղաքական ռեֆորմացիայի բացակայության մասին, այստեղ պատասխանատվությունը միայն քաղաքական նոր իշխանության դաշտում չէ:

Ակնառու է, որ իշխանությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով տապալել է ռեֆորմացիայի իր պատասխանատվությունը։ Բայց ակնառու է, որ տապալվել է նաև ինտելեկտուալ Հայաստանը:

Համակարգը ապամոնտաժվել է, դժգոհությունը՝ մնացել, և այդ դժգոհությունը այս դեպքում արդեն քաղաքական նոր իշխանության ոչ բավարար ռեֆորմատորությունից է: Արդարացի դժգոհություն է, բայց նաև որոշակիորեն արատավոր՝ այն իմաստով, որ շարունակում է խնդիրների լուծման թիրախը կամ հայացքը պահել դեպի դուրս ուղղությամբ:

Կարևոր չէ, դժգոհության ուղղությունը դեպի գանձագող, կոռուպցիոն իշխանությունն է, թե ոչ բավարար ռեֆորմատորություն ցուցաբերող, բայց կոռումպացված և գանձագող չհամարվող իշխանությունը: Հայաստանի առաջադեմ հանրությունը շարունակում է իրավիճակի փոփոխության շահառությունն արտահայտել առավելապես դժգոհությամբ՝ առ տվյալ ժամանակի իշխանությունը: Կրկնենք, դժգոհությունը ներկայումս տեղին է, ռեֆորմները անարդյունավետ են, պատերազմն էլ ավելի է խորացրել խնդիրները:

Բայց այստեղ է նաև, որ պետք է դրսևորվի առաջադիմության առանցքային հատկանիշներից մեկը՝ նախաձեռնողականությունը: Եթե կան դարձյալ խանգարող հանգամանքներ, որոնք գալիս են փակ համակարգից, ապա դա այլ հարց է, և պետք է բարձրաձայնել այդ մասին:

Բայց ի՞նչ ջանքեր է գործադրել ինտելեկտուալ, առաջադեմ Հայաստանը նախկին փակ և արգելափակող համակարգի ապամոնտաժումից կամ հեռացումից հետո ստեղծված նոր և բաց տարածությունում: Ի՞նչ ջանքեր են գործադրվել, որոնք բախվել են համակարգային արգելափակոցների, որոնք կանգնեցրել է քաղաքական նոր իշխանությունը:

Ի վերջո, Հայաստանում ինտելեկտուալ ռեսուրսի առաքելությունը լոկ մասնագիտական տիրույթներում հաջողությունները չեն, որոնք թեկուզ իրենց մուլտիպլիկատիվ էֆեկտով վերածվում են հանրօգուտ բարիքի: Հայաստանում առաջադեմ, ինտելեկտուալ ռեսուրսի խնդիրը սեփական ներուժը նաև հանրային կյանքի միջավայրային ռեֆորմացիային ուղիղ ծառայեցնելն է:

Դա, իհարկե, պետք է անեն քաղաքական և քաղաքացիական ինստիտուտները, սակայն Հայաստանում այդ դաշտի սպառվածությունը կամ որոշակի կարծրացածությունը նորություն չէ, հետևաբար անհրաժեշտ է թարմ շունչ, որը հույս չի դնում քաղաքական ղեկավարության կամ քաղաքական ընդդիմության, կամ անգամ երրորդ ուժի հավակնորդների «թոքերի» վրա, այլ գնում է նոր միջավայրեր ձևավորելու ճանապարհով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում