Առողջ ապրելակերպ և սոցիալական-կրթական կենտրոն. նոր ծրագրեր Մարգահովիտում և Նոյեմբերյանում
Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհային աջակցության երկու ծրագրեր է իրականացնելու Մարգահովիտ և Նոյեմբերյան համայնքներում:
Այդ նպատակով մարտի 19-ին ԿԳՄՍ նախարարությունում տեղի ունեցավ դրամաշնորհների պայմանագրերի ստորագրման արարողություն:
Պայմանագրերը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ տնօրեն Էմիլիա Մարտիրոսյանը և Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ասաց, որ ծրագրերը շատ կարևոր են հատկապես տարածքային համաչափ զարգացման և մարզերում աղքատության հաղթահարման տեսանկյունից:
«Այս ծրագրի շնորհիվ Հայաստանի գյուղական և մարզային համայնքներում կընդլայնվեն կրթական հնարավորությունները, ինչպես նաև սոցիալական ծառայությունները, կաշխուժանա նաև մարզական կյանքը: Ծրագիրն առանձնանում է նաև այն առումով, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակական աջակցություն է տրամադրում, և մեր համագործակցությունը շարունակական է»,- նշեց Մարտիրոսյանը:
Դեսպան Ջուն Յամադան ասաց, որ երկու ծրագիրն էլ շատ կարևոր են և հետապնդում են մեկ ընդհանուր նպատակ՝ աջակցել մարդկանց կյանքի բարելավմանը՝ մարդկային անվտանգություն հասկացության շրջանակում:
«Հույս ունեմ, որ այս երկու ծրագիրը կմարմնավորի մեր երկրների միջև բարեկամությունը, ինչպես նաև Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների ամրապնդումը»,- ընդգծեց Յամադան:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ իրենց համար սա երկրորդ միջոցառումն է, որն իրականացվում է Ճապոնիայի դեսպանատան հետ:
«Առաջին ծրագիրն իրականացվել է Իջևանում, որն արդեն գործում է և հաջողություններ է գրանցում: Արդեն ավելի քան 400 երեխա և մեծահասակ մասնակցում են այնտեղ իրականացվող ծրագրերին: Սա շատ մոտիվացնող է, երբ տեսնում ենք, որ կենտրոնն ավելի է զարգանում: Կարծում եմ, որ Նոյեմբերյանի կենտրոնը նույնպես նման հաջողություն կունենա»,- ասաց Սրբազանը:
«Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ տնօրեն Էմիլիա Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, իրենց գյուղական համայնքին նման հնարավորություն ընձեռելու համար:
«Մեր գյուղում կառուցվելիք խաղահրապարակը լինելու է ներառական, և հաշմանդամություն ունեցող երեխաները նույնպես կկարողանան այցելել և իրենց օրն անցկացնել այնտեղ: Մեզ համար նաև շատ կարևոր է, որ Ճապոնիայի դեսպանատունը կլինի մեր գործընկերների շարքում»,- նշեց Էմիլիա Մարտիրոսյանը:
«Մարգահովիտ գյուղի դպրոցին մարզասարքերի տրամադրման» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ին տրամադրվելու է 21 հազար 300 ԱՄՆ դոլար: Գյուղի դպրոցում նախատեսվում է աշակերտների և մեծահասակների համար խաղահրապարակ և մարզվելու տարածք կառուցել՝ համայնքում առողջ ապրելակերպը խրախուսելու և աշակերտների համար առավել նպաստավոր կրթական միջավայր ապահովելու նպատակով: Խաղահրապարակը և մարզվելու տարածքը նախատեսված են համայնքի՝ ավելի ան 406 աշակերտի և 2 000 մեծահասակի համար:
«Նոյեմբերյանում կանանց և երիտասարդական համայնքային կենտրոնի ստեղծման» ծրագրի շրջանակում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմին՝ Նոյեմբերյանում համայնքային սոցիալական-կրթական կենտրոն ստեղծելու նպատակով տրամադրվելու է 70 հազար 955 ԱՄՆ դոլար: Նախատեսվում է, որ այդ գումարը կծառայի քաղաքի և շրջակա գյուղերի բնակչությանը: Արդյունքում՝ ավելի քան 200 երեխա և երիտասարդ կստանա մասնագիտական վերապատրաստման հնարավորություն, իսկ շուրջ 50 մեծահասակ՝ սոցիալական աշխատանքի ծառայություններ: Կենտրոնը մատուցելու է նաև կրթական և սոցիալական-հոգեբանական ծառայություններ՝ ներգրավելով տարեկան առնվազն 1 000 շահառուի՝ ներառյալ երեխաներին, երիտասարդներին, կանանց և ապահով ընտանիքներին:
Դրամաշնորհային նախագծերն իրականացվում են «Մարդկային անվտանգության «Grassroots»» ծրագրի շրջանակում:
Կարծիքներ