ԱԺ լիագումար նիստում քննարկվել են սպորտի ոլորտի վերաբերյալ նախագծեր
Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է փոխանցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Նախագիծը քննարկվել է ԱԺ այսօրվա լիագումար նիստում։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հարցի զեկուցման ընթացքում նշել է, որ մարզահամալիրը կպահպանվի որպես սպորտային ենթակառուցվածք՝ հնարավորություն ստեղծելով սպորտի զարգացման ռազմավարությամբ նախանշված կարևորագույն միջոցառումների իրականացման համար:
Նախարարի խոսքով՝ նախագիծն ամբողջությամբ համահունչ է Կառավարության՝ ոլորտում վարվող պետական քաղաքականությանը և ռազմավարությանը:
«Մարզահամալիրն ունի լայն հնարավորություններ համապատասխան ննջարանային մասնաշենքով՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, ապահովված է համապատասխան մարզադահլիճներով՝ յուրաքանչյուրը 1600 քառակուսի մետր մակերեսով, որոնցից մեկն ամբողջությամբ համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին: Մյուս մարզադահլիճը կարող է ծառայել տարբեր մարզաձևերի համար, օրինակ՝ ըմբշամարտի, բռնցքամարտի, ձյուդոյի»,- ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝ այն կարող է մրցաշարերի կազմակերպման վայր լինել՝ ապահովելով ժամանող թիմերի մարզումային ենթակառուցվածքները, բարելավելով ՀՀ-ի կողմից մրցաշարերի կազմակերպման որակը։ Մարզահամալիրում կարող են կազմակերպվել նաև ուսումնամարզական հավաքներ:
Հարակից զեկուցող, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը ներկայացրել է նախաձեռնության վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են նաև «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցումից հետո լրամշակվել են «ֆիթնես», «ֆիթնես կենտրոն» և «մարզասրահ» հասկացությունների սահմանումները: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել:
«Նախագիծն անդրադառնում է մի շարք ուղղություններով սպորտի ոլորտում պետական քաղաքականության բարելավմանը: Առաջին ընթերցումից հետո հստակեցվել են համապատասխան նորմերը, ըստ որոնց՝ կենտրոնների գործունեությունը դիտվելու է որպես ծանուցման ենթակա գործունեություն, իսկ մարզիչների համար հավաստագրման պահանջ է սահմանվել: Հստակեցվել են նաև անցումային դրույթները»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ լրամշակվել են հատկապես այն դրույթները, որոնք վերաբերում են մասնավորի հետ համագործակցությանը:
Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է մարզերում մասնավոր լողավազաններում դպրոցականների լողի պարապմունքների ֆինանսավորման պետական ծրագրին. «Օրենսդրական այս փոփոխությամբ ինստիտուցիոնալ իրավական ամրագրում է ապահովվում, որը հնարավորություն կտա տարբեր տարիքային խմբերի համար տարբեր մարզաձևերով կարևոր ծրագրեր իրականացնել՝ մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ»:
Հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Կարծիքներ